Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Քաղաքում» սերիալի Սուսիկին մարմնավորելուց հետո, երեկ դարձել է 23 տարեկան: esyes.am-ի հետ զրույցում վերջերս մայրացած Անահիտը պատմեց, որ այս տարի ամուսնու հետ շատ ռոմանտիկ ծննդյան տոն է անցկացրել: «Ամուսինս հարցրեց, թե ինչ նվեր կցանկանամ ծննդյանս տոնի առիթով ստանալ, ես էլ պատասխանեցի, որ ամենալավ նվերն ինձ համար հանգիստը կլինի: Պարզապես երազում էի հանգստանալու և քնելու մասին»,-ասաց Անահիտը, ով ծննդաբերությունից առաջ և հետո չէր հասցրել հանսգտանալ: -Երեխայիս ծննդից հինգ օր անց դարձյալ եթերում էի ու վարում էի «Առավոտը Շանթում» ծրագիրը»:
Կնոջ ցանկությունն իրականացնելու համար ամուսինն Անահիտին առաջարկել է հանգստանալու և ծննդյան տոնը նշելու նպատակով երեք օրով մեկնել Դիլիջան, որտեղից էլ դերասանուհին մեզ պատմեց ծննդյան օրվա մանրամասները: «Ճիշտ է, չստացվեց ամբողջությամբ առանձնանալ, որովհետև անընդհատ զանգեր ու շնորհավորանքներ էի ստանում: Բացի այդ, ամուսնուս ընկերները եկան մեզ հյուր ու միասին փոքրիկ խնջույք կազմակերպեցինք»,-պատմեց Անահիտը և նշեց, որ խնջույքից հետո ամուսնու հետ Պարզ լճում մի լավ ժամանակ են անցկացրել, նավակ են նստել ու վայելել իրենց հանգիստը: Ի դեպ, այս ամենից բացի, դերասանուհու ամուսինը մեկ այլ նվեր էլ էր պատրաստել սիրելիի համար, որը դերասանուհին ցանկացավ գաղտնի պահել ու չբացահայտել:)
Նշենք, որ Անահիտի և ամուսնու բալիկը' Հայկը, լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 25-ին: Նորաթուխ մայրիկն էլ ծննդյան տոնն անցկացրել է առանց փոքրիկի. «Անկեղծ ասած, շատ դժվար է առանց փոքրիկիս, այստեղ գալուց մեկ օր առաջ նույնիսկ հուզվել էի: Նա այժմ մայրիկիս մոտ է և ընթացքում խոսում ենք նրա հետ ու սկայպով տեսնում փոքրիկին»:
Անահիտի խոսքերով' իր այս տարվա ծնունդը միանշանակ տարբերվում է նախորդ տարիների ծննդյան տոներից: «Սա առաջին ծնունդս է, որ ամուսնական կարգավիճակում եմ անցկացրել: Իսկ նախորդ տարիներին ծնունդս ընկերներիս հետ եմ նշել' տանը կամ կարաոկե ակումբում»,- ասաց Անահիտը և հիշեց իր 18-ամյակի օրը, երբ թատրոնում ներկայացման ավարտից հետո շնորհավորանքներ է ստացել նաև հանդիսատեսից, ովքեր ծափահարել են երիտասարդ դերասանուհուն ու շնորհավորել ծննդյան տոնի կապակցությամբ:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում առողջություն, երջանկություն և բազում դերեր ու կերպարներ: