Երեկ երևանյան ակումբերից մեկում հայտնի դերասան, «Քաղաքում» սերիալում Մխոյին մարմնավորող Հովհաննես Դավթյանը հանդես եկավ իր նոր՝ մոնո ներկայացման պրեմիերայով, որին ներկա էր esyes.am-ը:
Իրական պատմություններից կազմված ներկայացումը դերասանը սկսեց իր կյանքից ու ավարտեց ազգիս «դժբախտություններով», ինչի առիթով էլ հավանաբար ներկայացումը կոչվել էր «Սոված ծարավ»:

 

Հովհաննեսը սկսեց պատմել իր «դարդերից» մեկը. խոսեց քնի պակասի մասին: Այն, որ նա նկարահանումների, փորձերի ու այլ զաբաղվածությունների պատճառով հազվադեպ է կարողանում նորմալ քնել ու դրանից մի բան հասկանալ, ենթադրելի է, սակայն դժվար թե հանդիսատեսից շատերը գուշակեն, թե ինչ մեթոդներով կարող է դերասանի քունը «հարամվել»: Պարզվում է՝ ամենատարածվածներն են՝ դռան թակոցները, բջջային և քաղաքային հեռախոսների զանգերը, ժավել ծախող տոտաներն ու երգելով գումար հավաքող պապիները, որոնք դերասանին հասցրել են հոգեբանի դուռը: Իսկ թե Հովհաննեսն իր քունը խանգարողներին ինչ ձևով է ընդունել ու ճանապարհել, կամ ներկայացման ընթացքում նրանց ում հետ է համեմատում, կիմանաք՝ ներկա գտնվելով «Սոված ծարավ»-ի հաջորդ ներկայացմանը, որի մասին esyes.am-ը կտեղեկացնի:
Սակայն այս ամենով դերասանը չի ավարտում ներկայացումը. նա խոսում է նաև համասեռամոլների մասին (բառը համեմատելով պառացետամոլ բառի հետ) ու պատմում մի շարք զավեշտալի դեպքեր: Այս ամենին հաջորդում է այն, երբ մի անգամ Հովհաննեսը ստիպված ինչ-որ մեկի հուղարկավորությանն է գնում ու հայտնվում ոչ այնքան նախանձելի իրավիճակում:

Ուրախ ու ծիծաղաշարժ պատմություններից բաղկացած ներկայացումը, սակայն, այնքան էլ ուրախ նոտայով չի ավարտվում. դերասանը խոսում է վերջին թանկացումներից, երկրի վիճակի ու այսօրվա համար առաջին խնդիներից մեկի՝ արտագաղթի մասին:
Նշենք, որ հանդիսատեսը ներկայացման ընթացքում մասնակցության իրավունք ևս ուներ: «Ներկայացման մեջ շեշտը դրել ենք նրա վրա, որ հանդիսատեսի հետ ազատ շփում լինի: Կարծում եմ՝ էստրադային-հումորային ժանրում հնարավոր են քոմենթներ»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը և նշեց, որ իր սպասելիքներն արդարացված են: Ներկայացմանը հետևելու եկած հյուրերից դերասան Արմեն Մարգարյանը մշտապես արձաքանքում էր Հովհաննեսի խոսքին և ոչ պակաս ծիծաղելի մեկնաբանություններ անում, ինչը ստիպում էր Հովհաննեսին ոչ միայն ծիծաղ պարգևել, այլև ծիծաղել:
Այն հարցին, թե ներկայացված պատմություններից ամենաշատը որն է անհանգստացնում նրան, Հովհաննեսը միանշանակ պատասխան տվեց. «Երկրի վիճակի, ժողովրդի խնդիրների մասը»:

Նշենք նաև, որ իրենց գործընկերոջ խաղին հետևելու էին եկել դերասանուհիներ Անի Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Ծովինար Մարտիրոսյանը ամունու՝ Նարեկ Հայկազյանի հետ, Նաիրա Մովսիսյանը և այլ հայտնի դեմքեր:
Հ.Գ. Հովհաննեսի հետ շփվելիս պետք է զգույշ լինել. դա կարող է դառնալ նրա հետագա ներկայացումների սցենարի մի մասը :)

Ժպտացեք:) Արևիկ Իսաջանյան