Դերասանուհի Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողներին հայտնի է «Քաղաքում» սերիալում Իռենչոյի կերպարով, որը նրա առաջին սերիալային դերն է: Օրերս դերասանուհին մեր խմբագրությունում էր. Դիանայի հետ խոսեցինք իր կերպարի, նախասիրությունների և սերիալային ընկերների հետ հարաբերությունների մասին: Այնպես որ, առաջինը esyes.am-ում կարդա ամենը դերասանուհի Դիանա Գրիգորյանի մասին:

- Գիտեմ, որ ավարտել ես Թատերական ինստիտուտի Դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասան բաժինը' Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Դերասանուհի դառնալը մանկությա՞ն երազանք էր:
- Այո, պարոն Ծատուրյանը մեր կուրսը վերցրել էր դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Կարելի է ասել՝ մանկության երազանք էր: Ճիշտ է, ավելի հասուն տարիքում խուսափում էի այդ մասնագիտությունից, մտածում էի լեզվաբան դառնալու մասին, բայց դպրոցն ավարտելուց հետո ինքնաբերաբար գնացի Թատերական: Շատ հեշտ չեմ ընդունվել ու բարձր բալեր չեմ հավաքել, բայց առաջին կուրսից հետո փոխվեցի անվճար համակարգ ու գերազանցիկությամբ ավարտեցի:
- Ձեր կուրսի հայտնի դեմքերն ովքե՞ր են: Այսօր տղանե՞րն են ասպարեզում, թե՞ աղջիկները:
- Մեր կուրսից է Լիլի Միքայելյանը, ով խաղում է «Երեք կյանք» հեռուստասերիալում: Ի դեպ, «Քաղաքում» սերիալում իմ մորը' Մարգարիտային մարմնավորող Թամարան ևս իմ համակուրսեցին է: Մեր կուրսի աղջիկներն ավելի ակտիվ են, իսկ տղաները' հիմնականում բանակում են:


- Դերասանի համար որքանո՞վ ես կարևորում մասնագիտական կրթությունը և ի՞նչ է քեզ տվել Թատերականում սովորելը:
- Դերասանի համար մասնագիտական կրթությունը շատ եմ կարևորում և, եթե մի գործում ցանկանում ես պրոֆեսիոնալ մակարդակի հասնել, պետք է ստանաս համապատասխան կրթություն: Ինստիտուտն առաջին հերթին ինձ ներքին ճաշակ է տվել, ինչը շատ եմ կարևորում: Բացի դրանից, կողմնակի շատ գիտելիքներ ես ստանում, որոնք ընդլայնում են մտահորիզոնդ: Կարևոր է նաև, թե ում կուրսում ես սովորում, քանի որ եթե վարպետդ դերասանական դպրոց ունի, օգնում է: Ինքս շատ բան եմ սովորել թե´ Նիկոլայ Ծատուրյանից, թե´ Նարինե Գրիգորյանից, ով յուրաքանչյուրիս հետ անհատական է աշխատել:

- Սերիալային այս դերդ դեբյուտային է. ինչո՞վ էր պայմանավորված սերիալներում չնկարահանվելը:
- Սերիալներում չեմ նկարահանվել, որովհետև ամբողջությամբ նվիրվել էի ինստիտուտին: Առաջարկները չեմ ընդունել, քանի որ կուրսղեկս կողմ չէր ուսանելու տարիներին սերիալում նկարահանվելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ ամբողջությամբ նվիրվում ես ինստիտուտին, սովորում ես ու դրանից հետո շատ ավելի հեշտ ու համարձակ ես լինում աշխատանքում: Սերիալում նկարահանվելու համար մասնակցել եմ քասթինգի և ընտրվել եմ հենց Իռենչոյի կերպարի համար:
- Սերիալում նկարահանվելու առաջին տպավորություններդ ինչպիսի՞ն էին: Ի՞նչ դժվարություններ ստիպված եղար հաղթահարել:
- Սերիալում ամեն բան ավելի արագ է ստացվում: Եթե ներկայացումը մի քանի ամիս փորձում ես, այնուհետև հանձնում, պրեմիերա անում, ապա սերիալում ամեն ինչ արագ է լինում: Սկզբում դժվարություններ կային, որովհետև բացարձակ գաղափար չունեի, թե ինչպիսին է սերիալային աշխատանքը, սակայն ժամանակի ընթացքում վարժվեցի: Հիմնական դժվարությունը տեմպի հետ էր կապված, թեև այժմ էլ չեմ կարող ասել, որ ամեն բան հարյուր տոկոսով եմ անում, որովհետև դերասանը միշտ էլ սովորելու և հղկելու բան ունի:


- Ի՞նչ տվեց քեզ սերիալում նկարահանվելը և ինչի՞ց զրկեց:
- Չեմ կարող ասել, որ ինչ-որ բանից զրկեց: Առաջին հերթին՝ տվեց տեսախցիկի հետ աշխատելու հնարավորություն, ճանաչում և փորձ: Սերիալում նկարահանվելը ժամանակատար է, բայց չեմ կարող ասել, որ զրկեց ինձ ազատ ժամանակից:

- Ի՞նչ նախասիրություններ ունես, որոնք կբացահայտես:
- Սիրում եմ հեծանիվ քշել, գիրք կարդալ (վերջինը «Մարդը մարդկանց մեջ» գիրքն է-հեղ.), լավ երաժշտություն լսել' հիմնականում ռոք և ջազ: Սիրում եմ նաև լավ ֆիլմեր դիտել. շաբաթը մեկ օր մի լավ ֆիլմ պետք է նայեմ:
- Ի՞նչը կարող է նյարդայնացնել քեզ և, ըստ քեզ, ո՞րն է բնավորությանդ ամենավատ գիծը:
- Այս կյանքում ինչ-որ բաների հետ չեմ հաշտվում ու ցանկանում եմ այդ գիծը հանել իմ միջից: Օրինակ՝ երբ որևէ անարդարություն կամ կեղծ հարաբերություններ եմ տեսնում, չգիտեմ՝ ինչու նյարդայնանում եմ ու ծանր տանում: Չեմ կարող ասել՝ նյարդայնանում եմ, բայց վատ եմ զգում, երբ իմանում եմ, որ Հայաստանից մեծ թվով մարդիկ են գնում: Բնավորությանս լավ գծերից է ընկերասեր լինելը: Նաև շատ նպատակասլաց եմ. այս կյանքում ինչ ուզում եմ, հասնում եմ դրան: Երազանքներս նպատակների են վերածվում, շատ եմ ուզում մասնագիտական գործում առաջ գնալ ու բարձր տեղեր գրավել:


- Ոմանք քեզ նմանեցնում են դերասանուհի Անի Երանյանին: Հետաքրքիր է, ինքդ նման խոսակցություններ լսե՞լ ես ու քեզ նմանեցնո՞ւմ ես նրան:
- Մինչև սերիալում նկարահանվելը փողոցում շատ-շատ եմ լսել նման կարծիքներ, որովհետև շփոթում էին, ասում' «Վայ, Անի Երանյանը»: Նույնիսկ հարցրել են՝ արդյոք բարեկամական կապ ունե՞նք: Ինքս որևէ նմանություն չեմ տեսնում իմ և Անիի միջև:

- Փողոցում քեզ ճանաչող մարդիկ հիմնականում ի՞նչ են ասում:
- Ժպտացող դեմքերից եմ շատ ուրախանում: Հաճախ ասում են՝ «Շնորհակալություն, շատ բարի կերպար ունես»: Բոլորն էլ դրական խոսքեր են ասում:
- Սերիալային գործընկերներիդ հետ ի՞նչ հարաբերություններ ունես և հիմնականում ո՞ւմ հետ ես մտերիմ:
- Բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց Մարգարիտայի դերակատարին մոտ չորս տարի է' ճանաչում եմ, ու շատ մտերիմ ենք: Թեև նա տարիքով ինձանից մեծ է, բայց ընկերուհիներ ենք:
- Սերիալային ընտանիքդ ծանոթ է հեռուստադիտողներին: Կպատմե՞ս իրական ընտանիքիդ, ծնողներիդ մասին:
- Նախ՝ պետք է ասեմ, որ թեև ընտանիքումս դերասաններ չեն եղել, բայց ծնողներս երբեք չեն խոչընդոտել իմ ընտրությանը: Մեծացել եմ մեծ ընտանիքում. ունեմ երկու մեծ քույր, որոնք ամուսնացած են, ինձանից փոքր եղբայր էլ ունեմ: Ցավոք, այս տարեսկզբին հայրս հեռացավ կյանքից, իսկ մայրս տնային տնտեսուհի է:

- Սերիալում դու և Մխոն պարբերաբար գժտվում եք: Հետաքրքիր է, եղբորդ հետ է՞լ նման հարաբերություններ ունես:
- Փոքր տարիքում իմ և եղբորս միջև գրեթե նույն հարաբերություններն են եղել, ինչ այժմ սերիալում իմ և Մխոյի միջև է: Այն իրավիճակները, որոնք կան սերիալում, մեր տանը եղել են, իսկ այժմ եղբորս հետ շատ ընկերական ենք:
- Սերիալում կարծես գտել ես սիրելիիդ, իսկ իրական կյանքո՞ւմ:
- Իրականում դեռ ընտրյալ չունեմ: Սիրտս ազատ է, որովհետև գրավելը մի քիչ դժվար է (ծիծաղում է-հեղ.): Ինձ համար շատ կարևոր է, որ տղան ինտելեկտուալ առումով զարգացած լինի, բնավորության որոշ գծեր ունենա. դեռ այդպիսի մեկին չեմ հանդիպել:

- Ամառ է: Ինչպիսի՞ հանգստի կողմնակից ես և որտե՞ղ ես այս տարի պատրաստվում անցկացնել արձակուրդդ:
- Նախընտրում եմ ակտիվ հանգիստ' ընկերական միջավայրում: Եթե արձակուրդ ունենամ, ինչ-որ ձևով կկազմակերպեմ: Կարևոր չէ թե ուր կգնամ, կարևորն այն է, թե ում հետ կլինեմ: