«Եղբայրներ» սերիալից հեռուստադիտողներին առավել հայտնի դարձած Աննա Դավթյանը, ով նշված ֆիլմում մարմնավորում էր Միքոյի սիրելիին' Սոնային, շարունակում է դերասանական ուղին' զուգահեռաբար չմոռանալով անձնական կյանքի մասին: Այժմ հեռուստադիտողն Աննային տեսնում է նաև որպես հաղորդավարուհի' «Brand time» հաղորդման շրջանակներում, իսկ դերասական հմտությունները նա կիրառում է Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրնում:
esyes.am-ի հետ զրույցում Աննան պատմեց վերջերս Մոսկվա մեկնելու և առաջիկայում մասնագիտական ուղին այնտեղ շարունակելու մասին: Դերասանուհին մոտ տասն օր առաջ է վերադարձել Ռուսաստանի մայրաքաղաքից, ուր մեկնել էր գործնական նպատակներով: «Պարզապես պայմանավորվածություն ունեմ չբացահայտելու, թե ինչ նպատակով էի այս անգամ Մոսկվայում: Երբ ամեն բան հստակ լինի, կխոսեմ նաև դրա մասին,-ասաց Աննան և ավելացրեց, որ նոյեմբերին ևս Մոսկվայում էր: -Հայաստանում անցնելով նախնական փուլը մեկնեցի մասնակցելու «Territoria» փառատոնին, որի նպատակը ժամանակակից արվեստի զարգացման տարածումն է: Այն մրցութային փառատոն չէր, պարզապես աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդներն ու արվեստի վաստակավոր գործիչները փորձի փոխանակում էին անում»:
Ինչպես նշեցինք, Աննան առաջիկայում Մոսկվա մեկնելու ու այնտեղ բնակվելու մտադրություն ունի, ինչը ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլև անձնական կյանքի հետ է կապված: Դերասանուհին նշանադրության ու առաջիկա հարսանիքի մանրամասների բացառիկ անդրադարձը esyes.am-ին վստահեց:
Սիրելիի' Սանոյի հետ Աննան պատահաբար է ծանոթացել: ««Եղբայրներ» սերիալի ռեժիսորն ու նրա օգնականը Սանոյի քույրն ու քրոջ ամուսինն էին: Մի օր նրա քույրն ինձ հարցրեց, արդյոք ընկեր ունեմ, ես էլ պատասխանեցի' ոչ, իսկ նա ասաց' դե ուրեմն մեզ հարս կգաս: Ասաց ու արեց :) »,- պատմեց Աննան: Որոշ ժամանակ անց դերասանուհու ընտրյալը, ով բնակվում է Մոսկվայում ու բիզնեսով է զբաղվում, սոցիալական ցանցերից մեկով գրում է նրան: Աննայի խոսքերով' նրանք սկսել են շփվել ապրիլի 7-ից և նա ապագա ընտրյալին ընդունել է որպես մտերիմ մարդ:
Որոշ ժամանակ անց Սանոն որոշում է Հայաստան գալ ու անձամբ ծանոթանալ Սոնայի հետ, ում ստեղծագործական կյանքին ընդհանրապես ծանոթ չի եղել, միայն լսել է քրոջ պատմածները: Ի դեպ, այս զույգի նշանադրությունն ու ամուսնության առաջարկությունը անակնկալ կերպով է եղել: «Նա ինձ հրավիրեց ռեստորան, որտեղ էլ ամուսնության առաջարկ արեց ու, որպես իր սիրո դրսևորում մատանի նվիրեց, այնուհետև մեծ արարողություն արեցինք»,- պատմեց զրուցակիցս ու նշեց, որ իրենց նշանադրությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ հարսանիքը պլանավորվում է ամռանը:
«Ես»-ը շնորհավորում է զույգին ու խոստանում իր ընթերցողներին ներկայացնել նաև հարսանիքի բացառիկ անդրադարձը: