ESem.am-ը պատմել է, որ հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը մասնակցել է “Elite model Look” մրցույթի հայաստանյան փուլին ու ընտրվել լավագույն եռյակում: Սրան հաջորդել է Վարաստանում կայացած փուլը, որի արդյունքում էլ Աննան դարձել է «Elite model Look Armenia 2013» և կներկայացնի Հայաստանը մրցույթի միջազգային փուլում:

Վրաստանից վերադառնալուց հետո Աննան ESem.am-ին պատմել է մրցույթի մյուս մասնակիցների հետ շփումների և նոյեմբերին Չինաստան մեկնելու մասին: Այժմ Աննան զբաղված է մարմինը մարզելով ու մրցույթի եզրափակիչ փուլին պատրաստվելով: «Տանը ֆիթնեսով ու յոգայով եմ զբաղվում, իսկ մոտ օրերս մարզասրահ կհաճախեմ,-նշեց հաղորդավարուհին, ով այս ընթացքում «մարզում է» նաև անգլերենը: -Վրաստանում մեր շփման լեզուն ռուսերենն ու անգլերենն էին: Գեղեցիկ մոդելներից լսելով վրացերենը, այդ լեզուն սովորելու ու խոսելու ցանկություն առաջացավ: Հայրիկիս մտերիմ ընկերներից մեկը վրացի է, ամռան ամիսներին հաճախ ենք գնում նրանց տուն ու, կարելի է ասել, վրացերեն շատ բառեր հասկանում եմ»:

Վրաստանում անցկացրած օրերի ընթացքում Աննա մտերմացել է մրցույթի մասնակիցներից սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ, ում հետ էլ փորձել է վրացական խինկալին, խաչապուրին: «Կազմվածքի հետ կապված խնդիրներ երբեք չեմ ունեցել ու պարզապես չէի կարող չհամտեսել վրացական համեղ ուտեստները»,- ասաց Աննան և նշեց, որ այդ օրերի ընթացքում հասցրել են զբոսնել ու զրույցնել վրացի մոդելների հետ: Ըստ Աննայի' իր հաղթանակը չի բացառել, սակայն համոզված էլ չի եղել, որ հենց ինքը կներկայացնի Հայաստանը: «Ինքս սովոր չեմ մրցույթների, երբեք չեմ մասնակցել դրանց: Ինձ համար մի քիչ անընդունելի է, որ գեղեցկության մրցույթներում ընտրում են ամենագեղեցիկին: Չկա ամենագեղեցիկը, ամեն մեկն իր ուրույն տեղն ու ոճն ունի»,-ասաց Աննան' նշելով, որ միայն վերջին օրն է գիտակցել, որ ինքը ևս մրցույթի է մասնակցում:«Ամբողջ ընթացքում ես և Եվան չէինք էլ զգում, որ մրցույթի ենք մասնակցում: Սակայն վերջին օրը հասկացա, որ օրը մրցութային է լինելու: Շատ հաճելի էր այն պահը, երբ իմ անունը հայտարարվեց. սա առաջին հաղթանակս էր»,-նշեց հաղորդավարուհին:

Աննայի փոխանցմամբ' իր հաղթանակից հետո Եվայի կողմից ևս շնորհավորանք է ստացել. «Կարող եմ ասել, չեմ էլ նկատել, որ նա տխրի: Եվան դեռևս երիտասարդ է ու կարող է մասնակցել մրցույթների: Կարծում եմ' սրտի խորքում ինքն էլ ուրախ էր, որ ես հաղթեցի, քանի որ մրցույթին կարող էի մասնակցել մինչև 22 տարեկանը»:

Աննայից տեղեկացանք նաև, որ Հայաստան եկած «IC model menejment» գործակալության տնօրեն Իա Կիթսմարիշվիլիի հետ պայմանագիր է կնքել: «Այն վրացական առաջատար մոդելային գործակալություն է, որի հետ երեք տարվա պայմանագիր եմ կնքել: Այն ինձ հնարավորություն է ընձեռում որպես մոդել աշխատել արտասահմանյան շուկայում, մասնակցել ցուցադրությունների և նկարահանվել գովազդներում,-նշեց Աննան, ով Իայի հետ աշխատելուց հետո այժմ իր անվան կողքին հնչող հաղորդավարուհի, ֆոտոմոդել բառերին ավելացնում է նաև մանեքենուհին: -Վրաստանում գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում թրեյնինգներ ունեցա Իայի հետ, որից հետո նաև որպես մանեքենուհի կարող եմ ներկայանալ»:

Նոյեմբերի 15-ին Աննան կմեկնի Չինաստան, որտեղ էլ երկու շաբաթյա թրեյնինգներից հետո տեղի կունենա մրցույթի եզրափակիչ փուլը: Աննային ուրախացրել է հատկապես այն փաստը, որ մինչ մրցութային օրն ինքը մասնակցելու է «Տաղանդի օրվան», որտեղ ամեն երկրի ներկայացուցիչ պետք է ցույց տա իր տաղանդը. «Չեմ ցանկանում երգել, կամ որևէ գործիքով նվագել: Մտածում եմ' հավաքական ինչ-որ համարով ներկայանալ, սակայն դեռևս չգիտեմ, թե ինչպես կլինի»:

ESem.am-ը շնորհավեշորում է Աննային և հաջողություն մաղթում մրցույթի եզրափակիչ փուլում:

 

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը