Esem.am-ը գրում է.

 

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը «Ուր է իմ տղամարդը» սերիալի ավարտից հետո որոշել էր կյանքն ամբողջությամբ փոխել ու երկրից հեռանալ: ESem.am-ը նրա հետ խոսել է Մոսկվա մեկնելու պատճառների, այնտեղ ունեցած բիզնեսի, մեկ տարի անց վերադարձի, այստեղ՝ այլ թատրոնում աշխատանքի ընդունվելու ու սերիալային նոր կերպարի մասին:

 

 

 

 

««Ուր է իմ տղամարդը» նախագծից հետո որոշեցի ֆինանսական պատճառներից ելնելով կյանքս փոխել. Մոսկվա՝ ընկերուհուս մոտ մեկնեցի ու մոտ մեկ տարի միանգամայն այլ գործով էի զբաղված: Ընկերուհիս ֆուրշեթի գործ էր անում, ու որոշեցինք միասին նաև գեղեցկության սրահ բացել»,-պատմեց Ագնեսան:

 

 

11 ամիս այնտեղ մնալուց հետո դերասանուհին դարձյալ Հայաստան  վերադարձավ. Ասում է՝ երբ մարդ հոգեպես բավարարված չէ, տառապում է: «Կարելի է  ասել՝ Մոսկվայում չէի ապրում, որովհետև այլ գործով էի զբաղվում: Ճիշտ է՝ լուրջ որոշում կայացրած մեկնեցի, սակայն այժմ ուրախ եմ, որ ոչինչ չստացվեց ու ամեն ինչ թողնելով՝ վերադարձա»,- ուրախ նշեց Ագնեսը:

 

 

 

 

Ըստ նրա՝ վերադարձից հետո որոշել է կյանքը զրոյից սկսել ու գլոբալ փոփոխություններ անել, որոնցից մեկն էլ 12 տարի Սունդուկյանի անվան թատրոնում աշխատելուց հետո Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն տեղափոխվելն էր: «Դիմեցի Երվանդ Ղազանչյանին, ու ինձ մեծ սիրով ընդունեցին այդ թատրոնում: Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ մեր ոլորտում նման փոփոխություններն այնքան էլ լավ չեն ընդունվում: Այժմ չեմ զգում, որ այլ թատրոնում եմ աշխատում,- խոստովանեց դերասանուհին, ով Պարոնյան թատրոնում այժմ խաղում է «Կարինե» օպերետում: -Կոմեդիայի թատրոնում՝ որպես դերասանուհի, կտրուկ ժանրային փոփոխության եմ ենթարկվել: Այժմ նաև նոր ներկայացում է բեմադրվում Վահե Շահվերդյանի կողմից, որը կոչվում  «Տիկին մինիստրուհին». այնտեղ մարմնավորելու եմ սպասուհու: Հուսամ, ամեն ինչ լավ կլինի»,- նկատեց դերասանուհին:

 

 

Ագնեսն այժմ նկարահանվում է նաև «Հարազատ թշնամի» սերիալում և այդտեղ իր մարմնավորած բացասական կերպարի մասին ասաց. «Շատ ուրախ եմ, որ կյանքում գոնե մեկ անգամ բացասական կերպար եմ խաղում»:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը