Նոր սանրվածք, նախորդներից տարբերվող դեր և հետաքրքիր կերպարային գիծ. դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսուհիներից մեկն է։ Ասում է` հետաքրքիր ու նոր լուծումներով կներկայանա հեռուստադիտողներին։
Tert.am Life–ի հետ զրույցում Ագնեսան պատմել է ոչ միայն նոր հեռուստասերիալի, այլև առաջին անգամ խոսել է որդու հոր հետ ներկայիս հարաբերությունների, մայրանալուց հետո փոխված զգացմունքային դաշտի և երեխայի առօրյայի մասին։
Մի քանի տարի է` Ագնեսան եթերում է, գրեթե, առանց դադարի։ Հեռուստադիտողներին չհոգնեցնելու մասին ինքն էլ է մտածում։ Այդ պատճառով էլ այս անգամ կներկայանա և՛ արտաքին, և՛ կերպարային փոփոխությամբ։
«Միանշանակ դժվար է, ինքս էլ մտավախություն ունեմ այդ առիթով ու հասկանում եմ, որ պետք է գլոբալ փոփոխություն անեմ ոչ միայն արտաքնապես, այլև կերպարային առումով։ Շատ հետաքրքիր դեր եմ մարմնավորում։ Կերպարս ունի իր նախապատմությունը։ Բավականին մեծ ցավ տեսած, ծանր կյանքով ապրած աղջիկ է, որն իր հարազատներին կորցրել է պատերազմի ժամանակ։ Այս անգամ ավելի մեղմ արտահայտչամիջոցներով աղջկա եմ մարմնավորում,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ արտաքին փոփոխությունն արդեն ունեցել է իր դրական ազդեցությունը,– Մարդիկ մի պահ չեն ճանաչում ինձ։ Տարիներ առաջ ունեցել եմ այսպիսի սանրվածք, սակայն այն ժամանակ արտաքինս այլ էր` երիտասարդ էի, կազմվածքս այլ էր»։
Նախորդ տարի Ագնեսան մայր դարձավ։ Դերասանուհին կյանքի կարևորագույն փոփոխության փուլում էլ չբացակայեց էկրաններից։ Նա պատմեց, որ «Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվել է, անգամ, ծննդատանը, իսկ երեխայի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձել է նաև Վանաձորի թատրոնի տնօրենի պարտականություններին։
«Յուրաքանչյուր մայր ուզում է զգալ մայրության բերկրանքը, սակայն այնպես ստացվեց, որ աշխատանքային գրաֆիկս խիտ էր։ Քանի որ այդ ժամանակահատվածում նաև Վանաձորի թատրոնի տնօրենն էի, երեխայիս խնամքով կարողացա զբաղվել 3-4 ամիս։ Ունեմ հրաշալի մորաքույր և մայր, որոնք խնամում են իմ փոքրիկին, իսկ ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ և գործերով»,– ասաց Ագնեսան։
Դիտարկմանը, որ մայրիկները բնազդային մակարդակում էլ կապված են լինում երեխաներին, չի՞ սրտնեղում երեխայի հետ քիչ ժամանակ անցկացնելու համար, նա արձագանքեց, որ նման ցանկություն, միանշանակ, ունենում է, բայց երեխային դեռ հղիության ընթացքից է պատրաստել այսպիսի գրաֆիկի։ «Ամբողջ հղիությանս ընթացքում զրուցել եմ տղայիս հետ, ասել, որ պետք է խելոք բալիկ լինի, որովհետև մայրիկը պիտի անընդհատ աշխատի։ Փառք Աստծո, մենք իրար հասկանում ենք։ Իհարկե, շատ բարդ է,–ասաց նա ու հավելեց, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ տրամադրել երեխային։ –Հիմա արդեն Վանաձորի թատրոնի տնօրենը չեմ և ժամանակս ներում է գոնե տանը քնել և արթնանալ։ Ինքն էլ գիշերն ուշ է քնում, սովորել է իմ գրաֆիկին, քանի որ հղիության ընթացքում անընդհատ ճանապարհների վրա էի կամ նկարահանումների»։
Ամբողջությամբ՝ life.tert.am