Շակիրան խոսել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանվելուց հետո ունեցած խնդիրների մասին։ Երգչուհուն թվում էր, թե նա չի կարող դիմանալ այդքան մեծ ցավին՝ կորցնելով սիրելիին եւ ունենալով նրա աջակցության կարիքը, մինչ հայրը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
«Ամեն ինչ փլուզվեց, իմ տունը քանդվեց», - People Spain-ին պատմել է Շակիրան: «[Իմ հոր] ապաքինումը եղել է աներեւակայելի դժվար եւ դանդաղ, բայց նա հիանալի ու սիրելի մարդ է, ով միշտ զարմացնում է մեզ իր ուժով»:
Ինչ վերաբերում է իր երեխաներին՝ Միլանին եւ Սաշային, նա խոստովանել է, որ երեխաներն իրեն աննկարագրելի ուժ են տալիս եւ ուրախություն հաղորդում առօրյա կյանքին։ «Նրանք ինձ համար ամեն ինչ են, ես ապրում եմ նրանց համար», - ավելացրել է Շակիրան:
Նա նաեւ ընդունել է երաժշտության դերն իր կյանքում՝ նկարագրելով այն որպես փրկօղակ, որը փրկեց իրեն ու քաջություն տվեց, հատկապես դժվար պահերին, երբ նա իրեն կորած էր զգում: «Երաժշտությունն ինձ կապեց իմ իսկական «ես»-ի հետ, երբ ես զգացի, որ կորցնում եմ ինքս ինձ», - նշել է նա:
«Լինում են օրեր, երբ ես ինձ ուժեղ եմ զգում՝ չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնց հանդիպել եմ»,- հայտարարել է Շակիրան։ «Ես զգացի բաներ, որոնք ինձ վախեցնում էին, բայց ես վերապրեցի դրանք: Մարդկանց, հատկապես կանանց դիմադրողականությունն անսահման է»։