Կանադան իր վրա կվերցնի բրիտանական արքայազն Հարրիի, նրա կնոջ՝ Մեգան Մարքլի եւ նրանց որդու՝ Արչի Հարիսոնի անվտանգության ապահովումը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջարկել է պահակախմբի թանկարժեք ծախսերը վճարել երկրի բյուջեից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների տիտղոսներից եւ մեկնել Կանադա:
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի շուրջօրյա պահակախումբը բրիտանացի հարկատուների վրա տարեկան 1 մլն ֆունտ է արժենում: Սպասվում է, որ Կանադան կվճարի այդ գումարի կեսը: Daily Mail-ը պնդում է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը ծրագրում են Կանադայում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Դոնալդ Թրամփը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Դրանից հետո նրանք ցանկանում են գնալ Լոս Անջելես, որտեղ ապրում են Մեգան Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:
Հունվարի 13-ին բրիտանական թագավորական ընտանիքը հավաքվել էր Սանդրինգեմյան պալատում, որպեսզի քննարկեր արքայազն Հարրիի եւ նրա կնոջ արքայական ավագ անդամների տիտղոսներից հրաժարվելու հարցերը: Քննարկվել են ամուսինների հետագա պարտավորությունների, նրանց տիտղոսների, առավելությունների, ինչպես նաեւ նրանց ֆինանսավորման հարցերը: Ըստ Daily Mail-ի արքայազն Ուիլայմն ու արքայազն Չարլզը իբրեւ թե դեմ են եղել արքայազն Հարրիին, Մեգան Մարքլին եւ նրանց որդուն պետական բյուջեից ֆինանսավորվող թիկնազոր տրամադրել:
Քննարկումներից առաջ արքայազն Հարրին եւ արքայազն Ուիլյամը համատեղ հայտարարություն են տարածել, որում հերքել են այն լուրը, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը արքայական տիտղոսներից հրաժարվել են արքայազն Ուիլյամի ճնշումների պատճառով: Արքայազնները հայտարարել են, որ ԶԼՄ-ների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը եւ դրանք վիրավորական են համարել:
Հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրաժարվել էին արքայական ընտանիքի անդամների կոչումներից: Նրանք հայտարարել էին, որ ցանկանում են հրաժարվել բյուջեից ֆինանսավորվելուց եւ ֆինանասապես անկախ են ուզում լինել: