Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ընտանեկան խորհուրդ գումարեց: Այդ մասին հայտնում է SkyNews-ը:

 

Ըստ հեռուստաալիքի, հունվարի 13-ին Սանդրինգհեմի տոհմական կալվածքում, բացի թագուհուց, կհավաքվեն Ուելսի արքայազն Չարլզը, Քեմբրիջի դուքս Ուիլյամը (արքայազն Հարիի հայրն ու եղբայրը) և ինքը՝ Հարին:

Խորհուրդը քննարկելու է Հարիի և կնոջ՝ Մեգան Մարքլի, թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից հրաժարվելու որոշումը:

 

Մարքլը ավելի վաղ է լքել Բրիտանիան: Նա թռել է ութ ամսական որդու՝ Արչի Հարիսոնի մոտ, որը մի քանի օր է, ինչ դայակի հսկողության տակ է: Հարին մնացել է՝ «լուծելու ճգնաժամը»:

Հունվարի 8-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական ընտանիքի անդամների տիտղոսից՝ պահպանելով Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսը: Նրանք ասացին, որ հետագայում նախատեսում են հրաժարվել նաև պետբյուջեի ֆինանսավորումից և ֆինանսապես անկախ լինել: Զույգը չի ներկայացնի թագավորական ընտանիքը պաշտոնական միջոցառումներում, բայց կշարունակի աջակցել թագուհուն և «կատարել իրենց պարտականությունները թագուհու և երկրի համար»: Այս հայտարարությունը զգացմունքների փոթորիկ առաջացրեց թագավորական ընտանիքում։