Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, դատական հայց են ներկայացրել Mail on Sunday-ի ու դրա հրատարակիչ Associated Newspapers-ի դեմ։ Իր դիմումում Սասեքսի դուքսը նշել է, որ ինքը եւ Մեգանը ստիպված են եղել միջոցներ ձեռնարկել «անխնա քարոզչության» դեմ, տեղեկացնում է ВВС-ն։

Խոսքը հորը՝ Թոմասին ուղղված Մեգան Մարքլի նամակի մասին է, որի հետ Մեգանը խզել է հարաբերությունները մամուլում նրա սկանդալային ելույթների պատճառով։ Ձեռագիր նամակը հրապարակվել է դեռեւս փետրվարին։ Իր հայցում դքսուհին մեղադրում է Mail on Sunday-ին մասնավոր տեղեկության  ոչ իրավաչափ օգտագործման, հեղինակային իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտման մեջ։

Արքայազն Հարին իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իր կինը դարձել է բրիտանական պարբերականների զոհերից մեկը, որոնք քարոզչություն են ծավալում մասնավոր անձանց դեմ։ «Այդ անխնա քարոզչությունը միայն սաստկացել է անցած տարվա, նրա հղիության եւ մեր նորածին որդու խնամքի ընթացքում»,- ասվում է բրիտանական գահի վեցերորդ թագաժառանգի պաշտոնական հայտարարությունում։

Սասեքսի դուքսի խոսքով՝ թերթը համատեքստից կտրել է նամակի առանձին հատվածներ, իսկ դրա բովանդակությունը միտումնավոր այնպես է ներկայացվել, որպեսզի «մանիպուլացնի ընթերցողին»։

Արքայազնը բացատրում է, թե ինչու է արքայական ընտանիքը դիմել նման արմատական քայլի։ «Գուցե դա ամենախելամիտ որոշումը չէ, բայց այն ճիշտ է։ Որովհետեւ իմ ամենամեծ վախը պատմության կրկնությունն է։ Ես գիտեմ, թե ինչպես է լինում, երբ մարդուն, որին սիրում ես, վերածում են օգտագործվող առարկայի, որ նա հանրության համար կորցնում է մարդկային կերպարանքը։ Ես արդեն կորցրել եմ մորս եւ հիմա տեսնում եմ, որ կինս դառնում է այդ նույն ուժերի զոհը»,- գրել է նա։

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE