Բեմում Եվգենի Պետրոսյանն է, բայց հումորային մենախոսությունների վաստակավոր վարպետն այս անգամ ոչ միայն մենախոսում է, այլեւ պատասխանում հայ երկրպագուների հարցերին: Պետրոսյանն արդեն երկու օր է` Երեւանում է: Նոյեմբերի 20-ին Ռուսաստանում հայտնի հայ հումորիստը Արամ Խաչատրյան համերգասրահում հայ հանդիսատեսին ներկայացել էր թատերական ծրագրով, իսկ այսօր` նոյեմբերի 22-ին, «Մոսկվայի տանը» կայացած հանդիպումն այլ ձեւաչափ ուներ: Այսօր խոսելու հերթը հանդիսատեսինն էր... Իսկ նրանց հարցերը շատ էին` հումորիստ դառնալու ճանապարհից, մինչեւ հայ հանդիսատեսի ջերմությունն ու հաջողության բանաձեւը: Պետրոսյանը պատրաստակամությամբ պատասխանեց հարցերին, կիսվեց հուշերով, իրեն բնորոշ հումորով ծիծաղեցրեց կամ էլ հուզեց անկեղծությամբ:
Ի դեպ, հանդիսականի շարքերում ոչ միայն մեծահասակներ էին, այլեւ ուսանողներ եւ դպրոցականներ, ինչը վկայում է հումորիստի խոսքերի ճշմարտացիությունը` հումորը ժամանակ չի ճանաչում:
«Ես սովորել եմ հասկանալ հանրությանը, հանդիսատեսի արձագանքը ինձ հուշում է` երբ են համաձայն, երբ է հետաքրքիր: Երբեն թվում է` Մորզեի այբուբենով ենք շփվում: Բայց անգամ լռության ժամանակ ես ձեզ լսում եմ: Երբեմն պատահում է`ինքս կատակ եմ անում, եւ այն չվերջացրած դուք հասկանում եք եւ սկսում ծիծաղել: Ձեր ծիծաղն ինձ համար ցուցանիշ է: Թե կյանքում, թե արվեստում փոխադարձ միմյանց հասկանալը շատ կարեւոր է: Երբեմն դրա բացակայությունը կարող է աշխարհը ցնցել կամ շրջել»,-համոզված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:
Հանդիսատեսին հետաքրքիր էր` արդյոք կյանքին դերասանը նո՞ւյն հումորով է վերաբերվում.
«Ես ոչ թե մենախոսություններս եմ օգտագործում իրական կյանքում, այլ իրական կյանքը` իմ մենախոսություններում: Իսկ կյանքում ինչպես բոլորը, սիրում եմ կատակել, իհարկե, իմ դաստիարակության սահմաններում: երբ մարդը սովորում է հումորը կիրառել կյանքում, դա նրան հույս է տալիս, եւ սկսում է կյանքին դրական նայել: Կարծում եմ` դա օգնում է, եւ ես հաճախ եմ կիրառում այս մեթոդը»:
Այնուամենայիվ, բեմը այն վայրն է, որտեղ արտիստը հաճախ ստիպված է լինում մոռանալ ցանկացած դժբախտություն:
«Իհարկե եղել են պահեր, երբ տխուր ժամանակ էլ եմ բեմ բարձրացել: Մայրս մահանում էր, իսկ ես բեմում էի... Ինձ սովորեցրել են, որ բեմում ոչ թե աշխատում ես, այլ ելույթ ունենում: Դահլիճ մտնելով` խնդիրները պետք է թողնել դրսում, հանդիսատեսը չպետք է դա տեսնի: Բեմում կախարդանք է տեղի ունենում` ուզենք դա, թե ոչ: Բնազդաբար միտքդ փայլատակում է... Թե ինչպես է դա տեղի ունենում, նույնիսկ, գիտնականները չգիտեն: Երեւի մենք «համագործակցում» ենք երկնքի հետ...»:
Հայտնի հումորիստի հետ հանդպմանը ներկա էր նաեւ ռեժիսոր եւ լրագրող Կարեն Քոչարյանը, որը Պետրոսյանին նվիրեց իր գիրքն ու տարիներ առաջ նրա հետ անցկացրած հարցազրույցի տեսագրությունը:
Միասին նրանք վերհիշեցին նաեւ հումորիստի` տարիներ առաջվա այցը Հայաստան: Արդյոք հանդիսատեսն այս տարիների ընթացքում փոխվե՞լ է.
«Հանդիսատեսը նույնն է, ժամանակներն են տարբեր, իսկ հումորը կյանքի մեկնաբանությունն է: Իհարկե, կան հավերժ թեմաներ: Ես նայում եմ թե ապագային, թե անցյալին, թե ներկային: Ամսագրի նման եմ... Հիշում եմ` բարեգործական համերգ էր` «Բոլորս հիմար ենք» խորագրով: Չնայած` երբ մարդը կարողանում է ծիծաղել ինքն իր վրա, ուրեմն նա հիմար չէ, ուժեղ մարդ է: Երբեմն կատակով ամեն ինչ չափազանցնում ենք, բայց հետո տեսնում, որ կյանքն է իսկական չափազանցությունը»,-իր խոսքում նշեց Պետրոսյանը, նաեւ խոսեց իր սրտի Հայաստանի մասին:
«Առաջին անգամ 1963 թ-ին եմ եղել Հայաստանում: Մինչ այդ չէի կարողանում գալ, շրջագայությունների էի լինում Ռուսաստանում: Ինձ համար Հայաստանը պատմական հայրենիք է, ես ինձ Հայաստանի ու Ռուսաստանի սինթեզ եմ համարում: Կնքվել եմ ուղղափառ եկեղեցում, բայց դա ինձ չի խանագարում այցելել նաեւ հայկական եկեղեցիներ: Ինձ հաճախ են ասում` դու փաստն ես հայ-ռուսական բարեկամության»:
Շատերին հետաքրքրում էր` ինչպե՞ս է Պետրոսյանը ընտրել հումորի ճանապարհը:
«Ինձ թվում էր, որ իմ ծնվելով ես միայն Աստծուն եմ կարողացել ծիծաղեցնել...Մենք Բաքվում էինք ապրում, երբ ընկերներով տեսանք տոնական հագնված մարդկանց, որոշեցինք միանալ նրանց տոնակատարությանը, քանի որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Ու մենք էլ որոշեցինք մի բան անել ու բղավեցինք` «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Դե, բոլորը խառնվեցին իրար... Մեծանալով նոր հասկացա` ինչ էի արել: Երեւի Աստված ծիծաղեց ու մտածեց` այս հիմարիկը մի բանի կհասնի»:
Իսկ, թե որն է իր տարիների հաջողության գաղտնիքը, արտիստը պատասխանում է`
«Հաջողության ոչ մի գաղտնիք չկա: Ցանկացած մասնագիտության գաղտնիքը երկու սիրո արդյունք է` քո գործի եւ նրանց համար, ում համար աշխատում ես: Այդ սերերն են օգնում, որ չնահանջես դժվարություններից եւ առաջ շարժվես»: