Երաժշտական ինդուստրիայում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանիշը, որը կազմել է Forbes հանդեսը, այս տարի գլխավորել է Քեթի Փերին, որը 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի հունիսի 1-ը վաստակել է 135 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում է, երգչուհին եկամտի մեծ մասն ստացել է Prismatic համաշխարհային շրջագայության շնորհիվ, որը 126 քաղաքներից յուրաքանչյուրում նրան բերել է ավելի քան 2 մլն դոլար: Փերին նաև գովազդային պարտավորագրեր է կնքել Coty-ի, Claire's-ի և Covergirl-ի հետ:
80 մլն դոլարով երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը: Նրա «1989» ալբոմը 2014 թվականի ընթացքում իրացվել է ավելի քան 3,6 մլն օրինակով և այժմ էլ լավ է վաճառվում: Հաջակցություն ալբոմի անցկացված շրջագայության օգնությամբ Սվիֆթը 4-ական միլիոն դոլար է վաստակել յուրաքանչյուր քաղաքում:
Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Fleetwood Mac խումբը, որի կազմի մեջ, բացի երեք տղամարդկանցից, մտնում են մենակատարուհիներ Սթիվի Նիքսը և Քրիստին Մաքվին, որոնք վաստակել են 59,5 մլն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում մնացած տեղերն զբաղեցրել են Լեդի Գագան (59 մլն դոլար), Բեյոնսեն (54,5 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (31 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (28,5 մլն դոլար), Միրանդա Լամբերտը (նույնպես 28,5 մլն դոլար), Մարայա Քերին (27 մլն դոլար) և Ռիհաննան (26 մլն դոլար):
Տարվա ընթացքում ավելի քան 10 մլն դոլար են վաստակել նաև Մայլի Սայրուսը, Նիքի Մինաժը, Մադոննան, Քայլի Մինոուգը և Սելին Դիոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: