Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող աստղերի ամենամյա վարկանիշը։ Հրատարակությունը հաշվի է առել նրանց եկամուտները 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի մայիսը: Վարկանիշում ներկայացված են գումարները՝ մինչեւ հարկերի վճարումն ու գործակալների, մենեջերների, իրավաբանների հոնորարները։
Այս տարի ցուցակում հայտնված բոլոր անձինք միասին վաստակել են 6,1 մլրդ դոլար, ինչը 200 մլն դոլարով պակաս է, քան նախորդ տարի։ Հավանաբար, դրա վրա ազդել է կորոնավիրուսի պանդեմիան, որի պատճառով գրեթե բոլոր նախագծերը դադարեցվել են: Պարբերականը նշում է, որ հաջորդ տարի «ամենայն հավանականությամբ, ավելի լավ չի լինի»:
Կինոարտադրության ներկայացուցիչների վարկանիշում աչքի են ընկել Դուեյն Ջոնսոնը եւ Ռայան Ռեյնոլդսը, որոնք վաստակել են համապատասխանաբար 87,5 եւ 71,5 մլն դոլար: Հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են Մարկ Ուոլբերգը՝ 58 մլն դոլար, Բեն Աֆլեքը՝ 55 մլն դոլար, Վին Դիզելը՝ 54 մլն դոլար։