Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալող յոթ հայազգի գործարարներ ընկգրկվել են ամերիկյան Forbes ամսագրի` ռուսաստանյան 200 ամենահարուստ գործարարների 2014 թվականի ցուցակում: Ամերիկյան հեղինակավոր ամսագիրն ապրիլի 17-ին հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի 11-րդ վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված հայազգի գործարարների շրջանում առաջատարն է «Մագնիտ» առևտրային ցանցի հիմնադիր-համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), ում կարողությունը կազմում է 10.3 մլրդ դոլար: Նա զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականը: Կարապետյանի կարողությունը գնահատվում է 4,3 մլրդ դոլար:
2,6 մլրդ դոլար կարողությամբ` Forbes-ի ցուցակի 40-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը: «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ»-ի ցուցակում 98-րդ և 99-րդ հորիզոնականներն են զբաղեցնում «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը` իր 1,1 մլրդ դոլար կարողությամբ և նրա եղբայրը` «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը: Իսկ «Сколково» բիզնես դպրոցի hիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը 124-րդն է: Վարդանյանի ընդհանուր կարողությունը գնահատվում է 850 մլն դոլար: 133-րդ տեղում է «Wooden Fish Agency» դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը` ընդհանուր 750 մլն դոլար գնահատվող կարողությամբ: