Մոդել Շուշան Երիցյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Շուշանը երեկ է վերադարձել Մոսկվայից, որտեղ ֆոտոշարք է անցել հայտնի մոդելային ընկերություններից մեկի համար: Նրա խոսքով` նախնական ֆոտոսեսիան լավ է անցել ու ինքը մի քանի ամսով պայմանագիր է կնքել մոդելային այդ կազմակերպության հետ, որն էլ համագործակցում է համաշխարհային բրենդների հետ:

 

 

Մոդելային կարիերային զուգահեռ, Շուշանն իր ուժերն է փորձում նաև դերասանական ոլորտում: Այժմ նա նկարահանվում է «Սիրո գերին» հեռուստասերիալում` մարմնավորելով Էլենին: Շուշանը սերիալում նկարահանվելու առաջարկը ֆիլմի պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանից է ստացել:  «Դերս դուր է գալիս ինձ: Կարծում եմ՝ այնքան էլ բացասական կերպար չէ. սիրվող դեր է,-ասաց Շուշանը և շարունակեց,- Ինձ շատ հոգեհարազատ է այս դերը. Էլենն էլեգանդ, կրթված ու գործունյա աղջիկ է»:

 

 

ESem.am-ի հարցին՝ արդյոք իրական կյանքում ևս ամեն բան կանի սիրած տղայի հետ լինելու համար, ինչպես դա անում է սերիալում, Շուշանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ կլինի, որ ինձ չեն սիրի կամ ես ստիպված կլինեմ ջանքեր գործադրել հակառակ սեռի ներկայացուցչին հասնելու համար»:

 

 

Ըստ Շուշանի` սերիալում նկարահանվելու սկզբում դժվարություններն ավելի շատ էին: «Ինձ համար սկզբում դժվարություններ էին առաջանում այն առումով, որ որպես մոդել շատ էի ուշադրություն դարձնում կանգնելու դիրքիս, տեսքիս: Իսկ երբ մտածում ես տեսքիդ մասին, խաղդ տուժում է»,- անկեղծացավ նա և նշեց, որ իրեն շատ են օգնում պրոֆեսիոնալ դերասանները, որոնց հետ խաղում է: «Ինձ համար ավելի դժվար կլիներ, եթե պրոֆեսիոնալների հետ չաշխատեի: Օրինակ` Աշոտ Տեր-Մաթևոսյանն իր խաղով ինձ շատ է օգնում: Իսկ ես դեռ կատարելագործվելու շատ տեղ ունեմ»,- ասաց սերիալային դերասանուհին:

 

 

Ըստ Շուշանի`մարդիկ հաճախ հետևում են իր տեսքին, քան խաղին: «Կան տեսարաններ, որոնց ընթացքում պարզապես չես կարող գեղեցկությունդ ցուցադրել, պետք է դերին համապատասխան լինես: Շատերը բողոքում են, որ տեսքս զիջում է ու չի համապատասխանում իրենց պատկերացումներին»,-նկատեց երիտասարդ մոդելը և ևս մեկ անգամ անդրադարձավ այն խոսակցություններին, որոնք ամենաշատն են հնչում իր հասցեին. «Շատ են ասում, դե ամբողջը սարքված է, սիլիկոն է, շուրթերը լցրած է, դեմքը վիրահատած է և այլն»:

 

 

Անդրադառնալով սերիալում իր և Ռուբենի դերակատարի` Աշոտ Տեր Մաթևոսյանի հետ ունեցած համբույրի տեսարաններին` Շուշանը նշեց, որ երբեք իրական համբույրի տեսարան չի եղել: «Բոլորն էլ գիտեն, որ գոյություն ունի բեմական համբույր ասվածը: Ռեժիսորի խնդիրներից մեկն էլ այն է, որ կարողանա իրական կադր ստանալ: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ մենք իրականում համբուրվում ենք, բայց հակառակ կողմից երևում է, որ իմ մի ձեռքով փակում եմ շուրթերս. երևի մեր պրոֆեսիոնալիզմից է, որ մարդիկ հավատում են այդ տեսարաններին»,- ասաց նա:

 

Շուշանից տեղեկացանք նաև, որ մինչև «Սիրո գերին» սերիալում նկարահանվելը «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին: Նրա խոսքով՝ դրամատիկ մարտաֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը