Ապահովագրական հայտնի «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատեր հայազգի Դանիիլ Խաչատուրովի կինը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգիենկոն ներկայացրել է իր գարուն-ամառ հավաքածուն, որը նվիրված է Հայաստանին եւ Վրաստանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ուլյանան խոստովանել է, որ ոգեշնչվել է այդ երկու երկրների դարավոր մշակույթով, իսկ Հայաստանի մշակույթով ոգեշնչվել է հատկապես ամուսնու պատմությունների ազդեցության ներքո: Ներկայացված մի քանի տասնյակ զգեստներում հայկական եւ վրացական նախշեր են, ավանդական հագուստներ նոր մատուցմամգ, տարատեսակ քարեր: Դիզայները հայտարարել է, որ կովկասյան հավաքածուն ստեղծելիս իրեն ոգեշնչել են Լերմոնտովի ստեղծագործությունները, Պիրոսմանին եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Սերգիենկոն հագուստներում ներկայացրել է հայկական եւ վրացական տաճարների մանրանկարներ, թռչնի տեսքով պայուսակներ, նռնենիներ, յուրահատուկ գլխազարդեր:
Ցուցադրությանը ներկա է գտնվել նաեւ իտալացի հայտնի դերասանուհի Օրնելիա Մուտին, ով խոստովանել է, որ հիացած է հագուստներով եւ այն փաստով, որ այդքան նբաճաշակ կերպով է դիզայները կարողացել ներկայացնել հազարամյա պատմություն ունեցող երկրների մշակույթը: