«Ժաննա». այսպես է կոչվում ռեժիսոր Արա Երնջակյանի պատմական հիմքի վրա նկարահանած նոր ֆիլմը, որն էկրաններին կլինի փետրվարի 28-ից: Կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանն առաջինը ESem.am-ին է վստահել նոր գեղարվեստական ֆիլմի մասին բացառիկ մանրամասները:

 

 

«Սա ֆրանսիական հայտնի «Ժաննա դ'Արկը»-ի պատմության հիման վրա նկարահանած ֆիլմ է, որն ամբողջությամբ հայականացվել է: Ֆիլմում քննարկվում են այսօրվա համար շատ արդիական հարցեր: Նկարահանման աշխատանքները մոտ մեկ ու կես ամիս են տևել»,- նշեց Լուսինեն՝ հավելելով, որ նկարահանման ընթացքը դժվար, բայց հետաքրքիր ու հագեցած է եղել ինչպես ստեղծագործական, այնպես էլ դերասնական կազմի համար:

 

 

«Նկարահանումներն ընթացել են թատրոնում ու քաղաքի մի շարք այլ վայրերում: Փորձենք էլ երկու դար առաջվա տեսարաններ ստանալ: Թե որքանով է ստացվել, պարզ կլինի հանդիսատեսի արձագանքից»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց Լուսինեն՝ փաստելով, որ ֆիլմը ստեղծվել է Կամերային թատրոնի բոլոր աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ:

 

 

«Թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմում մերոնք ենք ընդգրկված»,- նշեց նա: Ֆիլմի գլխավոր դերերերում Անի Լուպեն, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Մխիթար Ավետիսյանն են: Մյուս դերերը մարմնավորում են Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Սենիկ Բարսեղյանը, Իրինա Դանելյանը, Սերգեյ Դանիելյանը, Մանուկ Գասպարյանն ու այլք:

 

 

«Ժաննա» ֆիլմի օպերատորը Հակոբ Կարաֆիլյանն է, նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Նոր գեղարվեստական ֆիլմի երաժշտությունը գրել է Վահե Գրիգորյանը:

Ըստ Լուսինե Երնջակյանի՝ առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում:  «ԱՄՆ-ում ամեն բան արդեն քննարկված է, պրեմիերայից անմիջապես հետո ֆիլմը կցուցադրվի նաև Միացյալ Նահանգներում: Ֆրանսիայում ցուցադրելու առաջարկն այնտեղի հայկական համայնքի կողմից է եղել: Որոշ հարցեր քննարկելուց հետո պարզ կլինի, այնտեղ կցուցադրվի, թե՝ ոչ»,- եզրափակեց Լուսինեն:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը