Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը՝ նույն ինքը՝ Անի Լուպեն, բեմական անունը ստացել է գործընկերոջից՝ վենեսուելացի Վիկտոր Արմանդո Ռոջասից, ում հետ երկար տարիներ աշխատել է իսպանական երաժշտական կենտրոնում: Ըստ դերասնուհու՝ վենեսուելացի երգիչը Հայաստանից մեկնելուց առաջ իրեն տվել է Գվադելուպե անունը, որը նշանակում է սիրո աստվածուհի, ինչից հետո Անիին կարճ անվանել են Լուպե:
Դերասնաուհի, երգչուհի, պարուհի Անի Լուպեն ESem.am-ի հետ զրուցել է առաջին քայլերի, սերիալներում չնկարահանվելու, նոր գեղարվեստական ֆիլմում կերտած կերպարի և սիրելի մասին:)
Կրթություն
Անին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական բաժինը: Դպրոցական հասակում սովորել է Անուշավան Տեր-Ղևոնդյանի երաժշտական խմբակում և պարարվեստի ուսումնարանում: Հենց այդ տարիներից էլ ընտրել է իր մասնագիտությունը:
Կարիերա
Դեռ ուսանողական տարիներին Անին խաղացել է Երևանի Կամերային թատրոնում, որն էլ համարում է իր կարիերայի սկիզբը: Նրա առաջին դերը եղել է «Cats» ներկայացման մեջ «BOMBALURINA» կատվի կերպարը: Ավելի ուշ՝ 2010 թվականին, իր առաջին քայլերը Կամերային թատրոնում արած դերասանուհին նույն թատրոնում ընդունվել է աշխատանքի:
Խոսելով մարմնավորած կերպարների մասին՝ դերասանուհին ասաց, որ սիրում է իր մարմնավորած բոլոր դերերը: «Կերտածս կերպարներից ոչ մեկին ինձ չեմ նմանեցնում: Փորձում եմ դրանց կենսագրությունն ու բնութագիրը յուրովի ստեղծել»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց Անին:
Ըստ դերասանուհու՝ այս ընթացքում մի շարք հեռուստասերիլաներում նկարահանվելու առաջարկներ է ստացել: «Գրաֆիկս շատ խիտ է, իսկ սերիալների նկարահանումները շատ անկանոն են: Այս շրջանում ժամանակի սղության պատճառով բոլոր առաջարկները մերժել եմ»,- նշեց նա:
Դերասանուհին վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր՝ «Ժաննա դ'Արկը» ֆիմում և մարմնավորել է Ժաննա դ'Արկին: Նրա հավաստմամբ՝ որքան էլ օրը հագեցած լիներ, չէր կարող մերժել Արա Երնջակյանի ֆիլմում նկարահանվելու առաջարկը: «Այլ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կան, բայց դրանց մասին կխոսեմ, երբ ամեն բան հստականա»,- հավելեց Անին:
Դերասանուհին փաստեց, որ 2015 թվականին նույնպես ստեղծագործական կյանքը լի է լինելու նորություններով. «Մի շարք նոր ներկայացումների վրա ենք աշխատում, որոնք խաղացանկում կլինեն տոներից հետո»: Ըստ Անիի՝ իրեն սիրելի գործից կարող է բաժանել միայն մահը:
Անին չի սահմանափակվում դերասանուհու իր կարիերայով. երկրպագուներն ամեն երեկո կարող են վայելել երգչուհի և պարուհի Անի Լուպեի յուրօրինակ ելույթները երևանյան ակումբներից մեկում:)
Անձնական կյանք
30-ամյա դերասնուհին ծնվել է արվեստագետի ընտանիքում: Խոսելով անձնական կյանքում ունեցած նորությունների մասին՝ Անին ասաց, որ արդեն գտել է իր կեսին:) «Նրանով ապրում, շնչում ու երազում եմ: Նա ինձ ապրեցնում է թե՛ բեմում, թե՛ կյանքում: Նա բարի, հմայիչ, բարձրահասակ, տղամարդուն հատուկ մեծահոգությամբ օժտված մի անձնավորություն է, ով ուղղակի արվեստի հետ կապ չունենալ չէր կողող»,- ասաց դերասանուհին, սակայն առայժմ չցանկացավ բացել փակագծերն ու տալ նրա անունը՝ խոստանալով այդ գաղտնիքն առաջինը ESem.am-ին վստահել :)
Հաճելի զրույցը՝ Մերի Պողոսյանի