Շուտով մեծ էկրան կբարձրանա «Անավարտ թռիչք» նոր գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, ով էլ ֆիլմի մանրամասները առաջինը ESem.am-ին է վստահել:
Ելենայի փոխանցմամբ՝ նման ֆիլմ ունենալու գաղափարը իր և սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի մոտ ծնվել է մեկ տարի առաջ: Այս օրերին արդեն նրանք նկարահանումներն են անում Հանրային հեռուստատեսության և Շարմ ընկերության հետ: «Ֆիլմը նկարահանվում է իրական սիրո պատմության հիման վրա: Մինչ սցենարը գրելը, ուսումնասիրել ենք դեպքի մանրամասները»,-ասաց Ելենան և շեշտեց, որ պատմությանը գեղարվեստական ֆոն է տրվել:
Ռեժիսորի փոխանցմամբ՝ «Անավարտ թռիչք» ֆիլմը նվիրված է 2006 թվականի մայիսի 3-ի Երևան-Սոչի ինքնաթիռի զոհերի հիշատակին: «Նշեմ, որ այդ սիրո պատմությունը բավականին հայտնի է. շատերը գիտեն այդ մասին: Ինքնաթիռի 113 զոհերից մեկի պատմությունն է»,-ավելացրեց նա և նշեց, որ սցենարը գրելու ընթացքում իրենց օգնել է սիրահար զույգերից մեկը:
Այս մելոդրամայով, ըստ Ելենայի, ներկայացվում է ոչ միայն սիրո պատմություն, այլև այլ համամարդկային արժեքներ՝ մարդասիրություն, ընկերություն, խավերի տարբերություն: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասան Տիգրան Մակարյանն ու դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը, սակայն ֆիլմում նկարահանվել են նաև հայտնի այլ դեմքեր` Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Արևիկ Սանթրոսյանը, Վարդան Հովսեփյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը, Աշոտ Հակոբյանը և այլք: «Գլխավոր հերոսուհին` Տաթևիկը դեռ ուսանող է. այս ֆիլմում շեշտը չենք դրել նրա վրա, որ դերասանուհին հայտնի լինի: Կարծում եմ` սա այն թեման է, որը կհուզի յուրաքանչյուրին և ամեն ոք կցանկանա տեսնել այն. ֆիլմի պատմությունը բավականին ուժեղ է»,-համոզված է Ելենան:
Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում, Սոչիում, Սևանում, Ծաղկաձորում: Ելենայի խոսքով` ոչ միայն իրենք, այլև դերասանները բավականին պատասխանատու գործ են անում, քանի որ մարմնավորում են իրական հերոսների:
Ռեժիսորը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն արդեն ունի իր սաունթրեքը, որը կատարում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը