Օրեր անց՝ ապրիլի 2-ին, քաղաքի կինոթատրոններում տեղի կունենա ռեժիսոր Դավիթ Սիմոնյանի նոր՝ «Երազանք 19:27» ֆիլմի պրեմիերան, ինչի կապակցությամբ էլ ESem.am-ը զրուցել է նրա հետ:
Մոտ երկու ամիս տևած նկարահնումներն ընթացել են Երևանի մի շարք վայրերում և Բերդում: «Նկարահանման աշխատանքները շատ հաճելի և ուրախ են անցել՝ ջերմ մթնոլորտում: Այժմ ֆիլմը մոնտաժման փուլում է: Փորձել ենք նոր մոտեցում ցույց տալ ու նախկին ֆիլմերից կոմիկ դերերով հայտնի դերասաններին այլ տեսանկյունից ներկայացնել»,- ESem.am-ին ասաց ռեժիսորը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն է:
Ըստ նրա՝ ֆիլմը հանդիսատեսին չի ձանձրացնի: Ֆիլմում ներկայացված է երկու մարդու ճակատագիր՝ ցանկություններ, ձգտումներ, նպատակին հասնելու դժվարին ճանապարհ, հուզիչ ու գեղեցիկ սիրո պատմություն:
Դավիթ Սիմոնյանի կարծիքով՝ կյանքում մի շարք կարևորագույն իրադարձություններ կան, որ հենց այդ ժամին են տեղի ունենում: «Մեր գլխավոր հերոսը երազանք է պահում 19:27, այն կատարվելու պահին ժամը կրկին 19:27 է լինում, այդ պատճառով հենց այդ ժամն ենք ֆիքսել՝ որպես ֆիլմի անվանում,- պարզաբանեց ռեժիսորը,- ֆիլմի երկու գլխավոր դերակատարներից մեկը գյուղում ապրող երիտասարդ է, ով իր առաջ նպատակ է դնում, ու ամեն բան անում դրան հասնելու համար: Երկորդ հերոսը՝ քաղաքում ապրող մեծահարուստ է, ով ամեն ինչ ունի, բայց չի կարողանում «գտնել իր տեղը» կյանքում»:
Նշենք, որ ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Արսեն Սաֆարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Լիլիթ Քոչարյանը, Տիգրան Բերբերյանն ու այլք:
Ռեժիսորը հայտնեց, որ դերասանական կազմի ընտրությամբ ստեղծագործական խումբն է զբաղվել. առաջարկը կազմակերպիչների կողմից է եղել, դերերը քասթինգի միջոցով են բաշխվել:
Դավիթը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 3-ին նախատեսում են մեծ պրեմիերա անել, որին մի շարք հայտնի հյուրեր կլինեն:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը