Ֆիլմասերների համար աշունը խոստանում է առատ լինել առաջնախաղերով :) Հոկտեմբերի 8-ից մեծ էկրան կբարձրանա «Կարգին» փրոդաքշընի նոր արտադրանքը`«Սուպեր մաման», որի մասին ESem.am-ը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր և դերասան Հայկ Մարությանի հետ:

 

Կինոկատակերգության սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, ռեժիսորները՝ Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանն են: Ֆիլմում խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արման Նավասարդյանը, Արման Մարտիրոսյանը և այլք:  Ի դեպ, Հայկը ֆիլմում ներկայացել է 2 կերպարով՝ կնոջ և տղամարդու:)

 

 

Որպես պրոդյուսեր՝ Հայկը մասնակցել է դերասանական կազմի ընտրությանը:  Նրա խոսքով՝ ֆիլմի համար գլխավոր նախապայմանն այն է, որ դերասանը համապատասխանի իր դերին: «Որպես այդպիսին՝ քասթինգ չի եղել: Մենք պատկերացրել ենք՝ ով կարող է խաղալ այս կամ այն դերը, եղել են փորձեր, ինչից հետո հաստատվել են թեկնածությունները: Ինչքան էլ դերասանը լավը լինի, նա պետք է համապատասխանի իր կերպարին»,- շեշտեց նա:

 

«Սուպեր մամայի» նկարահանումները տևել են 45 օր, սակայն նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ: Հայկը դժվարացավ ասել, թե որն էր ֆիլմի ամենաաշխատատար փուլը՝ նշելով, որ ամեն փուլ բարդ է յուրովի:

 

Դերասանի խոսքով՝ նկարահանումներ արել են Հայաստանի ամբողջ տարածքում. «Փորձել ենք Հայաստանը վառ գույներով և գեղեցիկ ներկայացնել դրսում, ինչու չէ,  նաև այստեղ ապրողներին, որպեսզի բոլորս ևս մեկ անգամ գնահատենք մեր հայրենիքը»:

 

 

«Կարգին» թիմի նախորդ ֆիլմը՝ «Ալաբալանիցան» աչքի ընկավ նորամուծությամբ. այն ինտերակտիվ էր, Հայկի փոխանցմամբ՝ այս անգամ էլ նորամուծություն ունեն:) «Ուսումնասիրել ենք ամերիկացի դրամատուրգ Սիդ Ֆիլդի դասընթացները և ամերիկյան դպրոցի հիման վրա ենք կառուցել սցենարը: Ունեցել ենք շատ լավ արդյունք, ինչն ակնհայտ է»,- ասաց դերասանը: Ըստ նրա՝ օգտվելով ամերիկյան դպրոցի փորձից, չեն օգտվել ամերիկյան ստեղծագործություններից և ունեն օրիգինալ սցենար:

 

Ֆիլմի թրեյլերում նշվում է, որ սա երկար սպասված և վաղուց բացակայող որակյալ կատակերգություն է: Հայկից հետաքրքրվեցինք՝ ինքն է՞լ է կարծում, որ թեև Հայաստանում օր օրի ավելանում են կատակերգությունները, դա դեռ որակի գրավական չէ: «Հայտնի խոսք կա՝ քանակը որակ չի նշանակում: Մենք դա նշում ենք ոչ թե մեզ գովաբանելով, այլ մյուսներին կոչ անելով, որ հումորին ավելի լուրջ մոտենան»,- ասաց դերասանը:

 

 

Նրա խոսքով՝ տեղական ֆիլմարտադրությանը հետևում է այնքանով, որ ծանոթ է դրանց սինոփսիսներին, սակայն դիտում է նրանք, որոնք իրեն հետաքրքրում են: Հայկական կատակերգություններին գնահատական տալուց Հայկը զերծ մնաց՝ հաշվի առնելով, որ այս շրջանում իրենք էլ ֆիլմ են ներկայացնելու, և դա կոռեկտ չի լինի, ինքն այս թեմայով  կարող է հանգիստ խոսել որոշ ժամանակ անց:

 

Ինչ վերաբերում է այս փուլում սպասվելիք պրեմիերաներին՝ դերասանը նշեց, որ մրցակցությունը շատ լավ բան է: «Մենք շատ ենք սիրում մրցակցության մեջ լինել, որովհետև դա  մեզ ձիգ է պահում: Մրցակցության բացակայության դեպքում՝  ոլորտն անկում է ապրում: Ես շատ ուրախ եմ, որ ֆիլմարտադրությունը Հայաստանում զարգանում է (լավ, թե վատ): Չգիտեմ, թե այս շրջանում քանի՞ ֆիլմ է դուրս գալու և ի՞նչ ֆիլմեր են լինելու, միայն գիտեմ, որ մեր արտադրանքը որակյալ է, իսկ  վերջնական գնահատականը հասարակությունն է տալիս»,- եզրափակեց դերասանը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը