«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը եկել է ապացուցելու, որ թառը միայն ժողովրդական երաժշտությամբ չի սահմանափակվում. նրանք կարող են այս գործիքն օգտագործել ժամանակակից երաժշտության մեջ ու հաջողել աշխատանքը:

 

Երեկ կայացավ խմբի դեբյուտային «Folk Fusion by Miqayel Voskanyan and Friends Band» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին Գարիկ Պապոյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արման Մարգարյանը, Անուշ Արշակյանը և այլք:

 

 

Ձայնասկավառակում ընդգրկված է Միքայելի հեղինակային տասը ստեղծագործությունը: ESem.am-ի հետ զրույցում Միքայելն ասաց, որ չեն կարողացել կոնկետ վերնագիր ընտրել ալբոմի համար, քանի որ յուրաքանչյուր ստեղծագործության անուն պոտեցիալ վերնագիր էր, իրենք որոշել են որևէ մեկը չառանձնացնել:

 

 

Բենդը բավականին հաճախ է ներկայանում ակումբային համերգներով: Միքայելի խոսքով՝ իրենց ներկայացրած երաժշտության նկատմամբ հետաքրքրություն կա: «Լավ երաժշտություն լսողը գտնում է այն խմբին, որին կարող է լսել: Մեր համերգներին տարբեր տարիքային խմբի  մարդիկ են գալիս: Յուրաքանչյուրն իրեն  հետաքրքրող ինչ-որ բան է վերցնում այս երաժշտությունից, ինչը շատ է ուրախացնում ինձ, քանի որ մեր երաժշտությունը բոլորի համար է՝ անկախ տարիքային խմբից և ազգային պատկանելությունից»,- ասաց երաժիշտը:

 

 

Միքայելը հայտնեց, որ ձայնասկավառակի թողարկմամբ գործունեության ակտիվ փուլի մեկնարկ է տրվում. առաջիկայում խումբը շարունակելու է ներկայանալ համերգներով, ձայնագրելու է նոր ստեղծգաործություններ, ինչպես նաև՝ պատրաստվելու է արտասահմանյան համերգների: Բենդն արտերկրում համերգներ կունենա, սակայն դրսում աշխատելու ցանկություն Միքայելը չունի: «Ես այստեղ անելիք ունեմ, ինձ համար լավագույն տարբերակն այն է, որ մնամ Հայաստանում, բայց աշխատանքս տարածեմ նաև  դրսում»,- նշեց նա:

 

 

Երաժշտասերների համար տղաները՝ Միքայել Ոսկանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արման Պեշտմալջյանը, Գուրգեն Էբեջյանը, Մովսես Էբեջյանը և հրավիրված երաժիշտ Էդուարդ Հարությունյանը նաև համերգային ծրագիր էին նախատեսել: «Լուսինե» ստեղծագործությունը կատարելիս Միքայելը շնորհակալություն հայտնեց դրա հասցեատիրոջը՝ իր կնոջը, ով բենդի կողքին է եղել և աջակցել է ալբոմի պատրաստման աշխատանքներում:

 

 

 


Վայելեց Ամալյա Հովհաննիսյանը