Այսօր հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուի՝ Լուսինե Բադալյանի ծննդյան օրն է: ESem.am-ը շնորհավորել է նրան ու պարզել, որ այսօր անակնկալների, շնորհավորանքների ու ջերմ խոսքերի պակաս չի ունեցել:) 35-ամյակի կապակցությամբ առաջին շնորհավորանքը հաղորդավարուհին ստացել է ընկերուհուց՝ Աննայից:

 

 

«Տասներկուսը խփելուն պես շնորհավորանքների տարափ սկսվեց: Ամբողջ գիշեր զանգերի, հաղորդագրությունների ու նամակների եմ պատասխանել:) Բոլոր բարեկամներս, հարազատներս, ընկերներս ու գործընկերներս արդեն շնորհավորել են»,- ասաց հոբելյարը՝ հավելելով, որ առաջին անակնկալ նվերն առավոտյան ծրագրի գործընկերներն են մատուցել. «Ոտքից գլուխ նոր հագուստ են նվիրել ու լիքը ծաղիկներ:)

 

Իրենք ամեն տարի ինձ հաճելի անակնկալներ են մատուցում: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ ես հաղորդման շրջանակում թվարկեցի, թե այդ օրն ովքեր են ծնվել ու մեր սովորույթի համարձայն միացրեցինք հայտնիներից մեկի մասին պատմող տեսանյութը, տեսա, որ նրանք ինձնից գաղտնի իմ մասին հոլովակ են հավաքել ու եթեր հեռարձակել. անգամ տղաներիս հետ էին խոսել: Այնքան ուրախացա, դա ինձ համար շատ հիշվող ու կարևոր նվեր էր, մինչ օրս, երբ տխուր եմ լինում, միացնում եմ այդ տեսանյութն ու անկախ ինձնից ժպտում»,- ESem.am-ին ասաց Լուլուն:

 

 

Ըստ հաղորդավարուհու՝ ամուսինն ու տղաները կեսգիշերին են շնորհավորել իրեն, իսկ նվեր մատուցել դեռ չեն հասցրել: «Ճիշտն ասած ես նրանցից ոչ մի բան չեմ էլ ակնկալում, նրանք են իմ նվերը, իմ երջանկությունը, բայց վստահ եմ՝ ինչպես ամեն տարի, այս տարի էլ հաճելի մի անակնկալ պատրաստած կլինեն, գնամ տուն, պարզ կլինի, թե ինչ: Նյութական նվերների ոչ մեկից չեմ սպասում, ես նվիրելիս եմ երջանիկ զգում ինձ »,- հավելեց նա:

 

 

Լուլուն նշեց, որ տարեդարձի խնջույքն ամեն տարի տանն է կազմակերպում՝ ընտանիքի անդմաների միջավայրում: «Ծննդյանս օրն ավանդական ժամանականացույց ունի. առավոտյան հեռուստաընկերությունում եմ նշում, հետո՝ ռադիոյում, ապա՝ տանը՝ ընտանիքիս անդամների ու բարեկամներիս հետ: Վերջին տարիներին նույնիսկ ընկերուհիներս ներկա չեն լինում հավաքույթին, թողնում են բարեկամներիս հետ լինեմ, մի ուրիշ օր մտերիմներով հավաքվում ենք»,- ասաց ռադիոհաղորդավարուհին:

 

 

Հիշելով մինչ այս ունեցած ամենատպավորիչ ծննդյան տոնը՝ Լուլուն պատմեց. «Ծննդյանս բոլոր օրերն էլ շատ տպավորիչ են եղել: Քիչ առաջ դպրոցական ընկերներիս հետ հիշել էինք դպրոցական տարիները, թե ինչպես էինք իմ ծնունդը նախ դպրոցում, ապա՝ մեր տանը նշում: Չեմ կարող չառանձնացնել 20-ամյակս, երբ մեր տանը հավաքվել էին բոլոր հարազատներս, ընկերներս ու գործընկերներս, որոնցից շատերը,  ցավոք, այսօր կողքիս չեն. ոմանք մահացել են, ոմանց էլ՝ կյանքն է հեռվացրել»:

ESem.am-ը շնորհավորում է Լուլուին և նորանոր հաջողություններ մաղթում:

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը