«Բանակում», «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի, այժմ նաև հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը նկարահանվել է պարսկական հեռուստասերիալում:  15 մասից բաղկացած հեռուստանովելը շուտով կցուցադրվի Իրանի Իսլամական Հանրապետության Հանրային հեռուստաընկերությամբ:

 

 «Պարսական ֆիլմում նկարահավելու առաջարկը ստացել եմ պարսիկ ռեժիսոր Ֆերեյդուն Ջեյրանի հայազգի օգնական Անդրանիկից: Մեկ ու կես տարի առաջ նա տեսել էր ինձ թատրոնում, երբ մարմնավորում էի Անուշին, շատ էր տպավորվել ու առաջին հնարավորության դեպքում համագործակցության առաջարկ արեց: Մի քանի փորձնական նկարահանումների մասնակցեցի՝ նկարահանվեցին լացի տեսարան, դրվագներ անգլերենով: Նրանց նշած բոլոր առաջադրանքների տակից պատվով դուրս գալուց հետո սկսեցինք քննարկել ֆիլմում իմ կերպարը»,- ESem.am-ին ասաց դերասանուհին:

 

 

Անահիտի փոխանցմամբ` ֆիլմում կհնչեն հայերեն, պարսկերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուները: Դերասանուհու մասնակցությամբ դրվագները նկարահանվում են Հայաստանում: Ըստ նրա՝ մինչ այս պահը չի զգացել իր ու ֆիլմի ստեղծագործական անձնակազմի՝ կրոնական տարբեր հայացքներ ունենալը, սակայն պարսիկներից բաղկացած անձնակազմի հետ աշխատելն իր բարդություններն ունի: Անահիտի խոսքով՝ հաճախ տարաձայնություններ են լինում, որոնք շատ շուտ հարթվում են:

 

 

«Որքան հաճելի, նույնքան էլ դժվար է նրանց հետ աշխատելը: Նրանց կանոներն ու պահանջներն այլ են: Տարաձայնությունները հիմնականում կապված են աշխատանքային գրաֆիկի հետ: Նրանք սովոր են, որ դերասանը տվյալ շրջանում մի նախագծում է աշխատում և ամբողջ ժամանակը դրան է տրամադրում, մենք՝ ոչ,- ասաց նա և հավելեց,- ստեղծագործական հիանալի անձնակազմ է հավաքված: Բոլորն իրենց գործի գիտակներն են: Ամեն մի մանրուքը բարձր պրոֆեսիոնալիզմով է արվում: Փորձառու թիմի հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ ու փորձ է: Կարևորը՝ նրանք շատ բարի են, համեստ ու հանգիստ, էմոցիաները շատ զուսպ են արտահայտում, երբեք չեն ջղաձգվում ու գորգոռում: Մենք էլ փորձում ենք հնրավորինս լավ անել մեզ վստահված գործը»,- նշեց նա:

 

 

Անահիտը պատմեց, որ հեռուտանովելում մարմնավորում է հոգատար, համբերատար ու դիմացկուն հայ կնոջ, ով մշտապես հոգ է տանում ամուսնու մասին ու իր խորհուրդներով օգնում նրան: Վերջինիս մարմնավորել է դերասան Սուրեն Առուստամյանը:

 

«Առաջին իսկ պահից ինձ շատ է դուր եկել մարմնավորածս կերպարը: Ես առաքինի հայ կնոջ դերում եմ, ով միշտ զուսպ հագուստով է, խելացի ու համեստ: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ միշտ խուսափում եմ բաց տեսարաններից: Այս դերն իսկն ինձ համար էր»,- ասաց դերասանուհին:

 

Պարսկական հեռուստասերիալում նկարահանվելուց բացի դերասանուհին օրերս նկարահանվել է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական ֆիլմում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին:

 

«Երբ պարոն Չալդրանյանն առաջարկեց ինձ նկարահանվել այս ֆիլմում, շատ ոգևորվեցի: Ճիշտ է՝ էպիզոդիկ դերով եմ ներկայանում, բայց ինձ համար նրա նման մարդու հետ աշխատելը մեծ պատիվ է: Կարևորը ֆիլմի սյուժեն է ու ստեղծագործական թիմը, ոչ թե դերի մեծությունը: Ես երբեք չեմ կարևորել ու չեմ կարևորի դա»,- հավելեց նա:

 

 

Ըստ Անահիտի` «Քաղաքում» հեռուստասերիալում այժմ չի նկարահանվում զբաղվածության պատճառով: «Բացի գեղարվեստական ֆիլմերից նաև հեռուստաընկերությունում սկսվել են տոնական հաղորդումների նկարահանումները: Այս շրջանում օրս շատ ծանրաբեռնված է, բայց իմ Սուսիկի դերից չեմ հրաժարվել,շուտով էլի սերիալում կլինեմ»,- եզրափակեց դերասանուհին:

Ֆիլմում օգտագործված են կադրեր ֆիլմից: 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը