Աբստրակտ Էքսպրեսիոնիզմի ամերիկացի վարպետ Մարկ Ռոտկոյի (1903 – 1970) երկու կտավները Ռեյչել «Բաննի» Մելոնի՝ միլիարդատեր և մեկենաս Փոլ Մելոնի այրու հավաքածուից, Նյու Յորքի Sotheby's-ի աճուրդային տանը վաճառվել են 76,5 միլիոն դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

 

Առաջին նկարը՝ «Առանց անվան (Դեղին, նարնջագույն, բաց նարնջագույն)» (1955), վաճառվել Է 36,6 միլիոն դոլարով: Ըստ որում աճուրդի կազմակերպիչները հույս ունեին դրա դիմաց ստանալու ոչ ավելի, քան 30 միլիոն դոլար: Երկրորդ կտավը՝ «Առանց անվան», որն ստեղծվել է 1970 թվականին, վաճառվել Է 39,9 միլիոն դոլարով, ինչը կրկնապատիկ գերազանցել Է դրա գնահատման արժեքի վերին սահմանը: Նկարների գնորդի անունը չի հայտնվում:  

 

Ռոտկոյի գործերի նկատմամբ հետաքրքրությունն, ինչպես նշում են փորձագետները, չի թուլանում: 2012 թվականի մայիսին այս նկարչի վրձնին պատկանող «Նարնջագույն, կարմիր, դեղին» նկարը մյուս աճուրդային տանը՝ Christie's-ում, վաճառվել է 86,8 միլիոն դոլարով՝ դառնալով այդ պահին հետպատերազմյան արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբևէ վաճառվել է աճուրդով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: