Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որտեղ փայլուն հաջողության են հասել հայկական գեղարվեստական ֆիլմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացել են Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» կինոժապավենները:
Կազմակերպիչների ամփոփիչ տվյալներով, փառատոնին մասնակցել է 25 երկրի 147 ֆիլմ, որոնցից միայն 20-ը դարձել են մրցանակակիր: Հանդիսավոր փակման արարողության ընթացքում մասնակից երկրների կողմից ընդունվել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի համատեղ հռչակագիրը՝ Չինաստանի և Մետաքսի ճանապարհի այլ երկրների կինոմատոգրաֆիստների համագործակցության վերաբերյալ: Փառատոնի մրցանակաբաշխությանը և փակման արարողությանը մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Չինաստանում սկիզբ առած ամենամյա «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի նախաձեռնության նպատակն է կինոարվեստի միջոցով խրախուսել Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների միջև կարծիքների փոխանակումներն ու համագործակցությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական ֆիլմերը նման հաջողություն են գրանցում Չինաստանում: Նախորդ տարի Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնում հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգերում: