Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում:

Տիգրան Մանսուրյանն ասաց, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ:

 

«Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Խոսելով «Գրեմմի»-ի մասին` Մանսուրյանն ասաց, որ, անշուշտ, սպասում է այդ կարևորագույն մրցանակաբաշխությանը: «Եթե մրցանակի արժանանամ, կարծում եմ` բոլորս էլ ուրախ կլինենք, եթե ոչ, Դասական երաժշտության միջազգային մրցանակը կա ու կա»,- կատակեց կոմպոզիտորը:

Մանսուրյանը ներկայումս լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա (փակագծերը չցանկացավ բացել), որոնք պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնի:

Դասական երաժշտության եվրոպական միջազգային մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 2011 թվականի ապրիլի 6-ից Կաննում: Ժյուրին բաղկացած է տարբեր երաժշտական հեղինակավոր ամսագրերի երաժշտության քննադատներից: