Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, մշակույթի գործիչներ: Կինոփառատոնի փակման ընթացքում տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողություն։
Դիպլոմների են արժանացել «Սևի երանգը» (վավերագրական, ռեժ.` Անժելա Բադալյան, Հայաստան), «Նա, ով մեր կողքին է» (վավերագրական, ռեժ.` Ժաննա Նազարյան), Հայաստան «Փակիր աչքերդ» (խաղարկային, ռեժ.` Նելլա Վասիլևսկայա, Բելառուս), «Դոն Ժուան. Առասպելի պատմություն» (վավերագրական, ռեժ.` Վլադ Տրիֆոնով, Ուկրաինա), «Չորս կին» (խաղարկային, ռեժ.` Անտոն Կոլոմեց, Ռուսաստան), «Փոխարենը տրված» (վավերագրական, ռեժ.` Սոֆիա Գևեյլեր, Ռուսաստան), «Ռոք» (խաղարկային ռեժ.` Իվան Շահնազարով, Ռուսաստան), «Դեպի փոփոխություններ» (վավերագրական ռեժ.` Սամվել Մքոյան, «Մանանա» կենտրոն, Հայաստան), «Աղբյուր» (վավերագրական, ռեժ.` Շարիֆա Ուրազբաևա, Ղազախստան), «Ռոբոտ Ջեֆը» (ռեժ.` Ադամ Հոլմս, ԱՄՆ ), «Մայրը» (վավերագրական, ռեժ.` Հասմիկ Ղազարյան, Հայաստան) ֆիլմերը:
Հայկական ազգային կինոակադեմիայի «Հույս» մրցանակը հանձնվել է Անետա Օհանջանյանին (Հայաստան)՝ եզդիների մասին պատմող «Մի ազգի պատմություն» վավերագրական ֆիլմի համար: Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Գառնիկ Կարապետյանի «Հայաստան երկիրս» ֆիլմը, լավագույն խաղարկային՝ Դիմա Դեդոկի «Միայնություն» (Բելառուս) ֆիլմը, իսկ լավագույն դեբյուտայինը՝ ռեժիսոր Մարգարետա Կոսմոլի «Քույրերը» (Գերմանիա): Գլխավոր մրցանակի (Գրան պրի) է արժանացել Նառա Կարապետյանի «Կարոտ» (Հայաստան) ֆիլմը:
«Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել կինոաշխարհի հեղինակավոր մասնագետներ Սամվել Բաբասյանը, Նարինե Ջրբաշյանը, Ռուբեն Երզնկյանը, Արամ Գյուրջյանը: Ժյուրին նախագահել է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Երիտասարդական կինոփառատոնն անցկացվել է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀմշակույթի նախարարության
աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: