2012-2013 թթ. «Հայկ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերը «Մասնակցություն կինոշուկաներին և կինոփառատոներին» ծրագրի շրջանակներում մասնակցել են բազմաթիվ միջազգային հեղինակավոր կինոփառատոների:
2012 թ. «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Երկաթե դարպասներ», «Ինձ աշուղ են ասում», «Նոր Ջուղա. լինել», «Երբ թնդանոթները լռում են», «Նկարչություն տարածության մեջ», «Կայացում», «Կամավորը» ֆիլմերը մասնակցել են Երևանի «Ոսկե ծիրան» /Հայաստան/, Մոսկվայի «ԱրտԴոկ» /Ռուսաստան/, Ջիհլավայի «Զինեբի» /Չեխիա/, Քաթարի «Ալ Ջազիրա», Իտալիայի «Իմպերիա Իտալի», Հնդկաստանի «Մենք այստեղ խոսում ենք», Եգիպտոսի«Սի-Էյ-Էմ», ինչպես նաև՝ Գերմանիայի Լայպցիգ, Ավստրիայի Էբենզե, Իսպանիայի Բիլբաո քաղաքներում անցկացվող վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոներին: Նշված կինոփառատոների շրջանակներում «Հայկ» կինոստուդիայի վերջին տարիների արտադրության մի շարք վավերագրական ֆիլմեր ցուցադրվել են ՌԴ «Կուլտուրա», ՌԴ «Արմ Ռու», Վատիկանի «Տելեպաս Արմենիա», ԱՄՆ-ում գործող հայկական հեռուստաալիքներով և Բուենոս Այրեսի հեռուստատեսությամբ /Արգենտինա/:
2012 թ. «Հայկ» կինոստուդիան առաջին անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային /Ֆրանսիա/, որտեղ օտարերկրյա ճանաչված հեռուստա և վավերագրական ֆիլմարտադրող ընկերությունների հետ ձեռք են բերվել հետագա համագործակցության ուղղությամբ մի շարք պայմանավորվածություններ: Ներկայում բանակցություններ են ընթանում իտալական դիստրիբյուտորական ընկերությունների հետ՝ «Հայկ» կինոստուդիայի 2012-2013 թթ արտադրության ծրագրում ընդգրկված «Հայ գրատպության 500-ամյակ» կինոնախագծի շուրջ:
2013 թ. ընթացքում «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ինձ աշուղ են ասում», «Սամվել պապը», «Կանանց մոլորակ», «Միասին աշխարհում», «Իմ սահմանը» ֆիլմերը կներկայացվեն Մոսկվայի «ԱրտԴոկ» /Ռուսաստան/, Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» /Ռուսաստան/, Նովոսիբիրսկի «Հանդիպումներ Սիբիրում» /Ռուսաստան/, Եկատերինբուրգի «Մարդն ու պատերազմը» /Ռուսաստան/, Վիսբադենի «Գո Իսթ» /Գերմանիա/, Քաթարի «Ալ Ջազիրա», Իտալիայի, «Իմպերիա Իտալի», ինչպես նաև՝ Խորվաթիայի Զագրեբ, Ավստրիայի Էբենզե, Չինաստանի Գուանչժոու քաղաքներում անցկացվող վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոներին:
2013 թ. «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Սամվել պապը», «Մենք կանք» և «Միասին աշխարհում» ֆիլմերը կներկայացվեն նաև Կաննի կինոշուկայում, իսկ «Կարոտ» ֆիլմը ներառված է Կաննի «Դոկ Քորներ» ծրագրի ֆիլմադարանում է, ինչը հնարավորություն է տալիս գրավել ֆիլմերի վաճառքով զբաղվող տարբեր կազմակերպությունների ուշադրությունը: Նույն ծրագրի շրջանակում «Հայկ» կինոստուդիան ստացել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոների ներկայացուցիչների հետ համաշխարհային վավերագրական կինոյին նվիրված կլոր սեղանների մասնակցության հրավերներ: