Բրիտանացի գիտնականներն ստեղծել են Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի՝ մինչ այժմ ամենամանրամասն դիմանկարը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Times-ը:
Թութանհամոնի դիմանկարը վերստեղծվել է վիրտուալ աուտոպսիայի՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով:
Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն «Թութանհամոն. բացահայտ ճշմարտություն» վավերագրական ֆիլմում, որը հոկտեմբերի 26-ին կցուցադրվի BBC հեռուսաալիքով:
Թութանհամոնը Եգիտոսը կառավարել է մ.թ.ա. 1332 – 1323 թվականներին: Պատմաբանները նրան համարում են Էհնաթոն փարավոնի՝ հռչակավոր կրոնական բարենորոգչի, որն ամուսնացած է եղել Նեֆերտիտիի հետ, որդին:
Թութանհամոնի դամբարանը պատահաբար չի կողոպտվել և անձեռնմխելի է մնացել մինչև 1922 թվականն անգլիացիներ Հովարդ Քարտերի և Հերբերտ Քառնարվոնի կողմից դրա հայտնագործումը: Դամբարանի հայտնաբերումը համարվում Է XX դարի խոշորագույն հնագիտական հայտնագործությունը:
Թաղման խցում գտնվել են բազմաթիվ թանկարժեք իրեր, ներառյալ 110 կիլոգրամ զուտ ոսկուց պատրաստված սարկոֆագը: Այժմ այդ առարկաները ցուցադրված են Կահիրեի թանգարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: