Solar-jet նախագծին մասնակցող գիտնականները քայլ են արել վերականգնվող կերոսինի ստեղծման ճանապարհին. լաբորատոր պայմաններում նրանց հաջողվել է ոչ մեծ քանակությամբ վառելիք վերաստեղծել շարժիչներում դրա այրման արգասիքներից: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Հետազոտողներին և տեխնոլոգներին հաջողվել է կերոսինի տրոհումը և դրա վերարտադրությունը փակել մեկ միասնական շղթայի մեջ. ջրից և ածխաթթվական գազից, որոնք ստացվում են վառելիքի այրման հետևանքով, արհեստական խտացված արեգակնային լույսի ներգործությամբ ստացվել է սինթետիկ գազ, որը հետագայում վերստին կերոսինի է վերածվել այսպես կոչված Ֆիշեր-Տրոպշի գործընթացի միջոցով:
Այս գործընթացի շնորհիվ ստացված վառելիքն արդեն հավաստագրված է և կարող է օգտագործվել տարբեր տիպի շարժիչներում, ներառյալ ավիացիոն շարժիչներն՝ առանց որևիցե լրացուցիչ ձեւափոխումների: Առայժմ, թերևս, այս կերպ կհաջողվի ստանալ ոչ մեծ քանակությամբ «արեգակնային կերոսին»:
Solar-jet ծրագրի հաջորդ փուլում գիտնականները մտադիր են զբաղվել արեգակնային ռեակտորի (որտեղ սինթետիկ գազ է ստեղծվում կերոսինի այրման արգասիքներից) օպտիմալացմամբ, որպեսզի պարզեն, թե կարող է արդյոք այն աշխատել արդյունաբերական մասշտաբներով, և արտադրվող վառելիքը մրցունակ կլինի արդյոք գնի առումով:
«Այս տեխնոլոգիան նշանակում Է, որ մի օր մենք կկարողանանք սկսել առատ և ավելի մաքուր վառելիք արտադրել ինքնաթիռների, ավտոմեքենաների և տրանսպորտի մյուս տեսակների համար: Դա կարող է զգալիորեն ամրապնդել Էներգետիկական անվտանգությունը, իսկ գլխավոր ջերմոցային գազերից մեկը, որոնք պատասխանատու են գլոբալ տաքացման համար, վերածել օգտակար պաշարի»,- ասել է Մարե Գեգին Կուինը, որի խոսքը մեջբերված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: