Ռումինական Babeş-Bolyai համալսարանի գիտնականները կարողացել են արհեստական արյուն ստեղծել, որ բաղկացած է ջրից, աղից ու ծովային որդերից ստացվող հեմերիտրին պրոտեինից, հայտնում է Daily Mail-ը։
Արյունը բարեհաջող փորձարկվել է լաբորատոր մկների վրա ու որևէ կողմնակի ազդեցություն չի թողել։ Սա հիմք է տվել գիտնականներին հուսալ, որ ապագայում արյունը հնարավոր կլինի օգտագործել նաև այն մարդկանց համար, ովքեր փոխներարկման կարիք ունեն։
Ռումինացի մասնագետները նշել են, որ հեմերիտրին պրոտեինը, ի տարբերություն հեմոգլոբինի, կայուն է մնում քիմիական և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Նրանց խոսքերով, կարելի է արհեստական արյան չոր խառնուրդ սարքել ու պահել ապահով վայրում, իսկ երբ դրա օգտագործման անհրաժեշտությունը լինի՝ դրան կավելացվի ջուր, և արյունը պատրաստ կլինի։
Նախքան այս արհեստական արյուն ստեղծելու վերաբերյալ գիտնականների բոլոր փորձերը տապալվել են։