Երգչուհի Սյուզի Մելիքյանի համար ամբողջ օգոստոսն արձակուրդային է անցել: Երգչուհին ամառային հանգիստն ամուսնու հետ վայելել է ԱՄՆ-ում և Կարիբյան ծովում: Նրա խոսքով՝ այս տարի և´ ակտիվ, և´ պասիվ հանգիստ է ունեցել: «ԱՄՆ-ում օրերն ավելի ակտիվ էին անցնում, շրջում էինք, հյուր էինք գնում, շոփինգ անում, իսկ Կարիբյան ծովում համեմատաբար պասիվ հանգիստ ունեցանք»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

 

 

Ըստ նրա՝ մինչև հիմա էլ իր մեջ մնացել է ծովի հանգստությունը: «Կարիբյան ծովն անբացատրելի գեղեցկություն ունի, հրաշք վայր է, մի կողմում օվկիանոսն է, մյուս կողմում ծովը, դրանց մեջտեղում լինելը մեծ հանգստություն էր ինձ համար: Օվկիանոսն այլ գույն ուներ, ծովն այլ. կարծես հեքիաթից լիներ այդ տեսարանը: Ջրի հանգստությունը մինչև հիմա մնացել է իմ մեջ. այդ ամենն անհնար է մոռանալ»,- ESem.am-ի հետ զրույցում տպավորությունները փոխանցեց Սյուզին և նշեց, որ հանգստի ընթացքում հասցրել է նաև իր համար որոշ գնումներ անել:

 

 

Հանգիստը վայելելուց հետո երգչուհին այժմ արդեն Հայաստանում է, նոր ուժերով աշխատանքի է անցել: «Շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ. երգն արդեն ընտրված է, հեղինակը՝ Մանե Հակոբյանն է, շուտով նաև նկարահանումները կսկսենք»,-ասաց նա և ավելացրեց, որ նոր աշխատանքը բարձր տրամադրությւոն փոխանցող պարային երգ է՝ սիրային է և հումորային: «Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ երգն ինձ համար առաջնային տեղում է: Երկրպագուներս պարբերաբար նամակներ են գրում, հետաքրքրվում՝ թե երբ եմ նոր աշխատանք ներկայացնելու: Կարծում եմ՝ նրանք էլ են հասկանում, որ ամուսնությունից հետո հնարավոր էր որոշակի դադար»,-հավելեց երգչուհին:

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը