Տևական ժամանակ է, ինչ դերասան Նիկոլայ Եղիազարյանը եթերում չէ, սակայն նա այս ընթացքում նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում: Վերջերս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կայացավ նրա մասնակցությամբ «Փուշը» ֆիլմի ցուցադրությունը:  Թեև Նիկոլայի դերն այստեղ մեծ չէր, նա կարևորում է այս ֆիլմում ունեցած մասնակացությունը, հատկապես, որ այստեղ ներկայացել էր երջանկահիշատակ Երվանդ Ենգիբարյանի հետ:

 

 

Ձմռանը դերասանը նկարահանվել է Զորիկ Հովսեփյանի «Ռագուիլ» ֆիլմում, որը շուտով կլինի մեծ էկրաններին: «Խաղարկային շատ հետաքրքիր կերպար եմ խաղացել: Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու եղբերը: Կերպարս ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական հատկությունները, որոնք ձեռք է բերել կյանքի բերումով»,- ասաց նա:

 

 

Նիկոլայը վերջերս նկարահանվել է նաև Հրաչ Քեշիշյանի ֆիլմերից մեկում, որը հայ-ռուսական արտադրանք է: «Մարմնավորել եմ թուրքի: Շատ  մեծ պատասխաատվություն էր մարմնավորել այդ կերպարը, քանի որ թուրքը միշտ թուրք է մնում, և դա ազդում է հոգեվիճակիդ վրա: Ասում են՝ թուրքին պիտի հայը խաղա, որովհետև ուրիշ ազգերը չեն կարող պատկերացնել ու փոխանցել  այդ ամբողջ ատելությունը, այն բացասականը, որ կա թուրքի մեջ:  Փորձել եմ հնարավորինս ստանալ թուրքի բացասական կերպարը: Դա շատ դժվար էր, միաժամանակ, հետաքրքիր, որովհետև հոգեբանական մեծ էներգիա էր տանում ինձնից»,- ասաց դերասանը և հավելեց, որ այս ընթացքում նկարահանվել է նաև Արտակ Զիլֆիմյանի ֆիլմում, որի մասին մանրամասներ կպատմի ավելի ուշ:

 

 

ESem.am-ը հայտնել էր, որ նկարահանվում է ժամանակակից «Պեպո» ֆիլմ, որտեղ  Նիկոլայը մարմնավորելու է Դարչոյին:  Այս ֆիլմի աշխատանքները կանգ են առել: «Կային որոշակի խնդիրներ, որոնց պատճառով նկարահանումները հետաձգվել են, սակայն հուսով եմ, որ առաջիկայում աշխատանքներն անպայման  կվերսկսեն: Այս ֆիլմին այլ կերպ էի պատրաստվում, սպասում, քանի որ խոսքը դասական մեծ գործի մասին է, որը վատ ներկայացնելու միտնքն անգամ վախենալու էր»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է հեռուստատեսային դադարին՝ Նիկոլայի խոսքով՝ դա պետք էր իրեն: «Բավականին երկար էի եղել էկրաններին, 3 նախագծում անընդմեջ ներկայացել եմ: Կարծում եմ՝ այս լռութոնը տեղին էր»,- ասաց նա: 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը