Դերասան Սարգիս Թաշչյանը տևական դադարից հետո կրկին էկրաններին է: Նա հանդես է գալիս USArmenia-ով հեռարձակվող նոր «Բախտաբեր» հեռուստասերիալում: Սարգիսը ներկայացել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմում:  

 

 

««Բախտաբեր» հեռուստասերիալում կերպարս հիմնական է: Մարմնվորում եմ հերոսի մանկության ընկերոջը: Նա աղքատ ընտանիքի տղա է՝ բարի է, աշխույժ, փողոցի կյանք  տեսած: Քանի որ անապահով ընտանիքից է, մանկուց աշխատել է և կրթություն չի ստացել»,- ESem.am-ին ասաց դերասանը:

 

Սարգսի խոսքով՝  ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Վահե Սայանից, ում հետ նախկինում ևս  աշխատել են: «Երկարատեև դադարից հետո կրկին ուզում էի նկարահանվել: Նաև՝ դերասանները, տեխնիկական խումբը ոչ միայն ընկերներս են, այլև պրոֆեսիոնալ»,- ասաց Սարգիսը: Դերասանը նշեց, որ հիմնական խաղընկերների՝ Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի թեև նախկինում չի խաղացել, սակայն սովորել է, իսկ Արմուշի հետ ժամանակին ներկայացել են КВН-ում:

 

 

Թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտած  Սարգիսը նշում է, որ պրոֆեսիոնալ խաղընկերներ ունենալը շատ լավ է, քանի որ բոլորը լուրջ են մոտենում աշխատանքին, իսկ տեսարանի ստացվել-չստացվելը կախված է նաև խաղընկերոջից:

 

Անդրադառնալով «Հիշողություն» ֆիլմին՝ նա հայտնեց, որ մարմնավորել է թուրքի: «Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է մտնել թուրքի կերպարի մեջ… ուղղակի մեր ընտանիքներում մանկուց մեր մեջ սերմանել են, որ թուրքերը մեզ կոտորել են, և մենք կարողանում ենք ամբողջ վատը դնել այդ կերպարի մեջ: Երբ պատկերացնում ես՝ քո տատերն ու պապերն ինչերի միջով են անցել, կաշվիդ վրա զգում ես այդ ամենն ու կարողանում ներկայացնել այդ չար կերպարը»,- նկատեց Սարգիսը:

 

 

Ինչ վերաբերում է «Հիշողության» շուրջ բարձրացած բացասական կարծիքների ալիքին՝ դերասանն ասաց, որ չի դիտել ֆիլմը, իսկ միայն իր  տեսարաններով կարծիք հայտնել չի կարող:

 

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 10-ին, սակայն հետաձգվել է անհայտ ժամանակով: 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը