«Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմին անդրադառնալու առիթներ ESem.am-ն ունեցել է: Նոյեմբերի 27-ին այն կբարձրանա մեծ էկրան, մինչ այդ, զրուցել ենք կինոնկարի հերոսներից մեկին մարմնավորող Սարգիս Թաշչյանի հետ:
«Առաջարկը ստացա ֆիլմի պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանից և տնօրեն Արթուր Պետրոսյանից: Բավականին հետաքրքիր էր. հերոսս իր տեսակով առանձնանում է մյուսներից: Կարծում եմ՝ ստացված, հիշվող կերպար է»,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ դերը մեծ չէ, սակայն տպավորիչ է:
Դերասանը խաղում է շան հետ, հատկանշական է, որ նա վախենում է շներից: «Կան շներ, որոնց նայում ես ու հասկանում, որ քեզ վնաս կտան, սակայն այս շնիկը շատ բարի աչքեր ուներ, կարծես փոքրիկ երեխա լիներ:) Վախս ինքնաբերաբար վերացավ: Նույնիսկ ընկերացել էինք նրա հետ, նկարահանումներից հետո սիրում էինք, զբոսանքի տանում»,- պատմեց Սարգիսը:
Ըստ նրա՝ ֆիլմը շատ լավ է ստացվել: «Ուրախ, պոզիտիվ կինոնկար է, որը լավ ժամանց կապահովի լսարանի համար: Ֆանտաստիկայի ժանրից է, ավելի շատ՝ մանկական: Պետք է նման ֆիլմեր շատ ստեղծենք փոքրիկների համար: Մենք ունենք լավ դերասաններ, ռեժիսորներ և պետք է մեր ֆիլմերը, մեր շուկան ունենանք»,- շեշտեց դերասանը:
Սարգսի խոսքով՝ տևական ժամանակ իր լռությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկրից գնալու ցանկություն ուներ, նույնիսկ մեքենան էր վաճառել, որպեսզի հեռանար, սակայն փոշմանել է: «Պատճառն այն էր, որ ծնողներս Մոսկվայում էին, եղբայրս՝ ԱՄՆ-ում, սակայն հայրս վերադարձավ ու որոշեցինք մնալ: Շուտով մաման էլ կգա, հետագան արդեն ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում ես չեմ կարողանում հարմարվել դրսում,- ասաց նա ու հավելեց,- հիմա արդեն տեղյակ են, որ այստեղ եմ, հուսով եմ՝ առաջարկներ կլինեն»: Դերասանի փոխանցմամբ՝ եթե «Արմենիա» հեռուստաընկերությունից առաջարկ չունենա, կդիմի այլ հեռուստաընկերությունների:
Նա նշեց, որ այս ընթացքում տանը չի նստել և զբաղվել է որոշակի աշխատանքներով, քանի որ ապրել է պետք, սակայն չցանկացավ մանրամասնել՝ խոսքն ինչ բնույթի աշխատանքի մասին է: Ըստ Սարգսի՝ վերջին 2 ամսում զբաղվում է նաև հանսդիսավարությամբ: «Այս ձևաչափում էլ եմ փորձում ինձ ու ստացվում է: Երևի առաջիկայում ավելի շատ կզաղվեմ այս գործով»,- ասաց նա և հավելեց, որ բավականին առաջարկներ ունի:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը