Չորս տարվա ընդմիջումից հետո ռեժիսոր Նաիրի Հակոբյանը (նախորդ աշխատանքներն են «Ցասում» և «Պատիժ» ֆիլմերը) մայիսի 20-ին հանդիսատեսին նոր աշխատանքով` ֆիլմով կներկայանա: ESem.am-ը ռեժիսորի հետ խոսել է նոր` «Սպանել 15 րոպեում» ֆիլմի մասին ու որոշ բացահայտումներ արել:
«Մտահղացումը պրոդուսեր և ֆիլմի գլխավոր դերակատար Էդուարդ Փոռեյանինն է, ով նաև սցենարի հեղինկան է,- ասաց Նաիրին և ավելացրեց,- ֆիլիմի հերոսը` Անդրես Տեր-Պետրոսյանը հաջողակ և մեծ համբավ ունեցող բիզնեսմեն է, իսկ հերոսուհին` Մանուելան, հասարակ լրագրողուհի: Այնպես է ստացվում, որ նրանք հանդիպում են, և սկսվում է սիրային պատմություն:
Այդ շրջանում Մանուելան իր լրագրողական նյութերից մեկում մատնանշում է հանցագործ Բաբկենին, որը և վրեժխնդրության մոլուցքով գալիս է Մանուելայի կյանքի հետևից: Անդրեսը, փորձելով փրկել սիրած էակին, գլխուղեղի ծանր վնասվածք է ստանում: Որոշակի ժամանակ անց նա փնտրում է Բաբկենին, որպեսզի վրեժ լուծի, բայց ամեն ինչ շատ ավելի բարդանում է, քանի որ նա տառապում է անդերոգրանդ ամնեզիայով, որի արդյունքում հիշում է այն, ինչը տեղի է ունենում վերջին 15 րոպեում: Ահա թե ինչու ֆիլմը կոչվում «Սպանել 15 րոպեում»»:
Ռեժիսորի խոսքով` դերասանական կազմն ընտրվել է քասթինգի միջոցով: «Գլխավոր դերակատարը` Էդուարդ Փոռեյանը, պրոֆեսիոնալ մարզիկ է և, իհարկե, նաև՝ պրոֆեսիոնալ դերասան: Ֆիլմում նա իրեն հանձնարարված խնդիրը կատարել է գերազանց, և համոզված եմ` կսիրվի և կգնահատվի հանդիսատեսի կողմից»,- ESem.am-ի հետ զրույցում ընդգծեց ռեժիսորը:
«Սպանել 15 րոպեում» ֆիլմում նկարահանվել է նաև տարբեր հեռուստասերիալներից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանը: Ըստ ռեժիսորի` ինչպես նախորդ ֆիլմերում, այս անգամ ևս որոշել է հերոսուհիների կերպարը վստահել սկսնակ դերասանուհիների՝ ընտրելով Շուշան Երիցյանին և Թինա Ավետիսյանին, որոնք առաջին անգամ են նկարահանվել ֆիլմում:
«Մեր կարգախոսն է՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Հենց սրանով էլ առաջնորդվելով` մեր թիմը նվիրված աշխատել է և ջանք չի խնայել, որպեսզի ստացված արդյունքը բավարարի հանդիսատեսին: Կարծում եմ`այս դեպքում հանդիսատեսը ոչ թե ճանաչված դերասանի համար կգնա կինոթատրոն, այլ ամբողջ թիմի աշխատանքի՝ ֆիլմի»,- նկատեց Նաիրին:
Ռեժիսորից տեղեկացանք նաև, որ նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում Երևանում: «Սյուժեյով պայմանավորված` ֆիլմի նկարահանումները պետք է իրականացվեր ամռանը և գարնանը: Մենք նկարահանումները սկսել ենք 2014թ. ամռանը, որից հետո դադար ենք ունեցել ու ավարտին ենք հասցրել միայն այս գարնանը»,-մանրամասնեց Նաիրի Հակոբյանը: Նրա խոսքով` ֆիլմը հարուստ է մարտական տեսարաններով, որոնցից մեկում նկարահանվել է նաև Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը` Արշավիրը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը