Համբուրգում անցկացվող կինոփառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի հեղինակ, ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, սցենարիստ և բեմադրիչ Ֆաթիհ Աքընն արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգևին: Թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:
Ֆաթիհ Աքընի այդ պարգևին արժանանալու մասին Համբուրգում հայտնել է կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիեդերշպիգելը: Նա նշել է, որ Աքընը օրինակ է հանդիսանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի ամբողջ սերնդի համար: Դուգլաս-Սիրկ պարգևը կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրկի անունը: Այն շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած մարդկանց: Ավելի վաղ այդ պարգևին արժանացել են Թիլդա Սվինթոնը, Կիմ Կի-դուկը, Անդրեաս Դրեսենը և Պետեր Ռոմմելը:
Մրցանակը Ֆաթիհ Աքընին հանձնվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի` սեպտեմբերի 27-ին Գերմանիայում տեղի ունենալիք պրեմիերայի ժամանակ: