Հանրաճանաչ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն իր տրիոյով հոկտեմբերի 28-ին համերգ կունենա Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Համերգին ընդառաջ Համասյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
Ջազ դաշնակահարը նշեց, որ կայանալիք համերգի երգացանկը լինելու է իր նախորդ սկավառակից և մյուս տարի հրապարակվելիք ալբոմից: Երաժիշտը ջազի սիրահարներին խոստացավ, որ նաև անակնկալներ են լինելու. «Միջոցառմանը լինելու ենք եռյակով: Հնչելու են ստեղծագործություններ, որոնք Հայաստանում դեռ չեն հնչել, կլինեն նաև այլ ստեղծագործություններ, որոնք հնչել են, սակայն այս անգամ կլինեն այլ տարբերակով:
Լրագրողի դիտարկմանը, թե Համասյանն ավելի վաղ նշել է, որ նախորդ համերգի հասույթը տրամադրվելու է բարեգործությանը, երաժիշտը նշեց. «Անցած համերգի հասույթը տրամադրվելու է դաշնամուրային երաժշտությունների ձայնագրմանը»:
«Երևանի պետական կամերային երգչախմբերից մեկի հետ ձայնագրությունը վերջացրել ենք մեկ շաբաթ առաջ. բոլորը 5-20 դարի հոգևոր ստեղծագործություններ են: Ալբոմը լույս կտեսնի հաջորդ տարի աշնանը: Այս ծրագիրը նվիրված է եղեռնի զոհերի հիշատակին և այս խմբով ծրագրում ենք համերգ ամբողջ աշխարհում: Կան հրավերներ՝ մոտ 20 համերգ: Մեծամասնությունը Եվրոպայում է՝ Բելգիայում, Հոլանդիայում, Թուրքիայում նույնպես նախատեսում եմ»,- նշեց դաշնակահարը:
Տիգրան Համասյանի խոսքով` Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներում ինքը ծրագրում է համերգներ, սակայն դեռ չի ցանկանում դրա մասին խոսել, քանի որ այն ընթացքի մեջ է, սակայն հաստատ լինելու է:
Խոսելով իր մասին պատմող ֆիլմից` Համասյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե այն երբ կցուցադրվի Հայաստանում. «Ֆիլմն իմ նախաձեռնությունը չէ, և չէի ցանկանում ֆիլմ նկարվեր, սակայն հետագայում համաձայնեցի: Ֆիլմը դոկումենտալ է»,- նշեց Համասյանը: