Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նկարահանած և Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների մասին պատմող «Սպի» (The Cut) ֆիլմի գլխավոր դերակատար Թահար Ռահիմը «Ակոս» պարբերականի հետ կիսել է ֆիլմի նկարահանման ընթացքում իր ունեցած ապրումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծագումով Ալժիրից ֆրանսիացի դերասանը պատմել է, որ թեպետ նախքան ֆիլիմում նկարահանվելն էլ իմացել է, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել և շատ դառնություններ կրել, այդուհանդերձ դրանից ավելի ոչինչ չի իմացել:
«Ինձ համար հետաքրքրական էր այն, որ հայերը գնացել են աշխարհի բոլոր կողմերը: Ֆաթիհի հետ բավականին շատ բան սովորեցի, մի շարք փաստագրական ֆիլմեր դիտեցինք: Այն բանից հետո, երբ ամբողջությամբ տեղեկացա, թե հայերի հետ ինչ է պատահել, ինձ համար հիմնական դժվարությունը դարձավ մարմնավորածս կերպարին իրականում հասկանալը»,- պատմել է Ռահիմը:
Քանի որ մարմնավորած կերպարը զրկված է խոսելու ունակությունից, դերասանը խորհրդակցությունների է գնացել բժիշկների մոտ, իսկ հետո համրերի լեզուն սովորել է խոսելու կարողությունից զրկված անձանցից: «Հասկացա, որ
մարմնավորածս կերպարը պետք է փոքր- ինչ մինիմալիստական լինի, սակայն երբեմն էլ անսպասելի պոռթկումներ է ունենում, կորցնում է մարմինը կառավարելու ունակությունը: Շատ եմ ջանացել. հեշտ չէ աչքերով, մարմնի լեզվով խոսելը»,- ասել է Ռահիմը:
Ֆիլմի նկարահանումները տևել են մեկ ամիս: Դրանք տեղի են ունեցել և’ տասը աստիճան ցրտի, և’ քառասուն աստիճան ջերմության պայմաններում: Խոսելով ֆիլմի ամենաազդեցիկ պահի մասին` ֆրանսիացի դերասանը հիշատակել է կոկորդ կտրելու պահը, ինչպես նաև այն դրվագը, թե ինչպես Չապլինի ֆիլմը դիտելուց հետո հերոսն իմանում է, որ իր աղջիկները ողջ են:
«Այն դեպքում, երբ անցել էին տարիներ և ողջ հույսը կորցրել էր... Ինչպե՞ս կխաղայիք այդ հատվածը: Իհարկե, Ֆաթիհի հետ երկար զրուցել ենք և գտել ենք լուծումը, սակայն ինձ մի պահ կորսված զգացի: Չգիտեմ` դուք ինչ զգացիք, բայց շատ դժվար էր, թեպետ տեսարանը լավ ստացվեց»,- ներկայացրել է նա: Ռահիմն ընդգծել է, որ իր մարմնավորած կերպարը` դարբին Նազարեթ Մանուկյանը, ով չի կարողանում խոսել, իր հայացքով ներկայացրել է ողբերգությունը, որը շատ մեծ է: