«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Մալյանի անվան թատրոնում երեկ կայացավ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հեղինակային «Նախքան մեռնելս» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Սուրենը նշեց, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ ֆիլմի առաջնախաղը կայացավ հենց «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
Ռեժիսորը ESem.am-ին անկեղծորեն ասաց, որ սցենարը գրել է 3 օրում, 15 օրում որոշել է նկարահանել, մեկնել է ԱՄՆ, մեկուկես ամիս նախապատրաստվել է նկարահունումներին և 2 օրում նկարահանել է: Ֆիլմում խաղացել են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը, Արման Նշանյանը:
Ֆիլմի հիմքում կյանքը սիրելու, այն իսկապես ապրելու գաղափարն է, անգամ եթե քո թիկունքում մահն է: Տվյալ դեպքում հերոսն իմանում է, որ իր մոտ չարորակ ուռուցք է, իսկ ընկճվածությունը հաղթահարել օգնում է բժիշկը, ով իր հիվանդներին միայնակ չի թողնում: Բժիշկ-հիվանդ հարաբերություներում այս դեպքում բժիշկը հավատարիմ է իր կոչմանը:
«Շատերն են ինձ հարցնում` ինչո՞ւ այսպես ներկայացրի բժշկին: Շատ բժիշկների հետ եմ շփվել թե՛ ընկերական, թե՛ որպես բժիշկ: Ես իսկապես ճանաչում եմ բժիշկների, ովքեր կարող են ազդել մարդու վրա այնպես, որ նա շատ կարևոր քայլերի գնա հանուն իր առողջության»,- ասաց Սուրենն ու հավելեց, որ շատ շնորհակալ է բժիշկներին:
ESem.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ իր կարծիքով սա այնպիսի ֆիլմ չէ, որը կարող էր հենց այնպես ծնվել, սակայն չցանկացավ մանրամասնել նախապատմությունը: «Մենք բոլորս ունենք բարեկամներ, ընկերներ, ովքեր անցել են այդ ճանապարհով, ցավոք, ոչ բոլորն են դուրս եկել դրա միջից: Կան մարդիկ, ովքեր այլևս մեզ հետ չեն, սակայն ես հատուկ չեմ նվիրել ինչ-որ մեկին»,- ասաց նա: Ռեժիսորի խոսքով` իր նպատակը հանդիսատեսին կյանքը վերաարժևորելու հարավորություն տալն է:
Ցուցադրությունից հետո Սուրենը ներկաներին խնդրեց ծափահարել Մարկ Սաղաթելյանի հիշատակին, ով շատ ուրախ կլիներ իր համար, եթե ներկա լիներ այս պրեմիերային:
Ֆիլմի հերոսների դերակատարներից մեկը` Արման Նշանյանը, ESem.am-ին ասաց, որ այս ֆիլմը մտածելու տեղ է տալիս: «Իրական արվեստը դրա համար է ստեղծված` բժիշկը բուժում է ֆիզիկապես, արվեստագետը` հոգեպես: Ես միշտ խորանում եմ իմ դերի մեջ: սա բացառություն չէր և շատ եմ մտածել, որ կարող է գալ մի օր, երբ քեզ ասեն, որ դու մի քանի ամիս ունես ապրելու: Ցավոք, բոլորս էլ ունենք մարդիկ, ովքեր այդ վիճակում են»,- ասաց Արմանը: Դերասանի համար կյանքը սիրելու ամենակարևոր 3 պատճառն են` կանայք, իր աշխատանքը և հոգևոր արժեքները:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը