Օպերային երգիչ, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը ESem.am-ին պատմել էր, որ նախատեսում է «Կենտ զույգը» բեմադրությունը ներկայացնել նաև ԱՄՆ-ում: Տևական ժամանակ նա փորձում էր իր խմբին տանել ԱՄՆ, ինչն այդպես էլ չհաջողվեց: Արմանը ստիպված է եղել այլընտրանքայի որոշում կայացնել և, այնուամենայնիվ, խաղալ այս ներկայացումը ԱՄՆ-ում: Նա հավաքել է դերասանական նոր խումբ, իսկ բացառիկ մանրամասները վստահել է ESem.am-ին:
Այսպիսով՝ գլխավոր հերոսին՝ դերասան Սոս Ջանիբեկյանին, փոխարինելու է դերասան Դավիթ Սեխպեյանը: Մյուս կերպարներին՝ Ստեփան Ղամբարյանին, Լեռնիկ Հարությունյանին, Գագիկ Սուքիասյանին, Լյուսի Հայրապետյանին և Մարիամ Հայրապետյանին կփոխարինեն Արթուր Սուքիասյանը, Արթուր Շիրինյանը, Դելոն, Արմենուհի Սուքիասյանն ու Սիանան:
«Իմ ընկերները գիտեն, որ ես հնարավոր ամեն բան արեցի, որպեսզի նրանք գան ԱՄՆ ու ներկայացումը խաղանք այստեղի հանդիսատեսի համար, սակայն վիզաների հետ կապված խնդիրը չափից ավելի բարդացավ ու դա հնարավոր չեղավ»,- ասաց Արմանն ու հավելեց, որ երբ վերադառնա Հայաստան, նախկին կազմով կրկին կխաղան այս ներկայացումը, եթե իհարկե, դերասանական կազմի ժամանակը թույլ տա:
Անդրադառնալով նոր բեմադրությանը՝ ներկայացման ռեժիսորը նկատեց, որ սցենարում շատ քիչ փոփոխություններ կան, քանի որ չի ցանկացել շատ հեռանալ հեղինակի ներկայացրած տարբերակից: ԱՄՆ-ում, սակայն, հայտնի «Կենտ զույգը» նոր անուն ունի՝ «Կինն է այդպես որոշել»: «Քանի որ պրեմիերան նախատեսվում է մարտի 8-ին, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- նկատեց Արմանը:
Նա նշեց, որ նոր կազմի հետ, կարելի է ասել, զրոյից բեմադրել է ներկայացումը: «Արդյունքում կարողացել եմ ստանալ նույն ներկայացումը: Միակ տարբերությունն այն է, որ Դավիթն ու Սոսը միմյանցից շատ տարբեր են խաղում միևնույն դերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ երկուսն էլ շատ լավ դերասաններ են, պարզապես տարբեր մարդիկ են և տարբեր կերպ են մատուցում իրենց հերոսին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը