Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը գարնանը մեկնել է ԱՄՆ, որտեղ այս ընթացքում հասցրել է մասնագիտական գործունեություն ծավալել և նկարահանվել ամերիկյան երկու ֆիլմում:
«Այստեղ ունեմ գործակալ, ում միջոցով էլ նկարահանվել եմ ֆիլմում»,- ESem.am-ին ասաց Արմանն ու հավելեց, որ դեր ստանալու համար համապատասխան քասթինգ է անցել: Երկու ֆիլմերում էլ նրա դերերն առանցքային են:
Դերասանը խաղացել է նաև ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի` ԱՄՆ-ում նկարահանած կարճամետրաժ ֆիլմում: Արմանի խոսքով` այս կերպարը շատ է տարբերվում մյուսներից, և ինքը նորովի է ներկայանալու լսարանին` ինքնագոհ, ինքնավստահ մի տղայի դեր է խաղում:
Հուլիսին Արմանը կվերադառնա Հայաստան և նախատեսում է տեսահոլոավակ նկարահանել այստեղ: «Մաման էլ կգա հետս, քանի որ պետք է նկարահանվի «Մայրիկ» (Պատրանքի թևով) երգի տեսահոլովակումս: Առաջիկայում կնկարահանեմ նաև մեկ այլ տեսահոլովակ, որում կնկարահանվի պապաս»,- ասաց երգիչը և հավելեց, որ աշխատանքը նախատեսում է ներկայացնել նաև ամերիկյան շուկայում: Տեսահոլովակները Հայաստանում նկարահանելու փաստը Արմանը պայմանավորում է այն փաստով, որ իր թիմն այստեղ է: «Բացի այդ, այդտեղ ավելի մատչելի է, և, ի վերջո, Հայաստանն իմ տունն է, ինձ այդտեղ ավելի հարմար եմ զգում»,- նշեց նա:
Ավելի վաղ Արմանը ESem.am-ին հայտնել էր, որ «Կենտ զույգը» ներկայացումը խաղալու են նաև ԱՄՆ-ում: Դա նախատեսվում էր մայիսին, սակայն հետաձգվել է մինչև աշնան սկիզբ, քանի որ խնդիրներ են առաջացել դերասանական կազմի որոշ անդամների վիզաների հետ կապված, իսկ Արմանը չի ցանկանում փոխարինել նրանցից որևէ մեկին:
Առաջիկայում դերասանը կնկարահանի նաև գեղարվեստական ֆիլմ: «Հուլիսին կնկարանենք թրեյլերը, եթե հասցնենք, ֆիլմը կներկայացնենք աշնանը, եթե ոչ` գարնանը,- ասաց Արմանն ու հավելեց, որ թրեյլերը հիմա է նկարահանելու, որպեսզի ցույց տա ամերիկացի ներդրողներին: -Ամերիկայում այլ կերպ են աշխատում. նրանց համար պետք է տեսանելի լինի, թե որտեղ են ներդրում անելու»:
Երգիչ-դերասանը կփորձի այս ֆիլմը ներկայացնել նաև ամերիկյան շուկայում: «Արվեստի ցանկացած գործ, որը «նացիոնալ» չի, պետք է ցուցադրվի նաև արտերկրում: Դա այնպիսի բան չէ, որը միայն հայը կարող է ընկալել, որովհետև տեղային բնույթ ունի: Ես չեմ ուզում ներկայացնել ամերիկյան շուկային, որ Արման Նշանյանի էգոն բավարարեմ, ուզում եմ անել դա, որ մարդիկ տեսնեն` Հայաստանն իրոք ունի ուժեղ ֆիլմարվեստ: Մենք ունենք բարձր որակի շատ ֆիլմեր, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի հասնում ամերիկացու էկրաններին, նա չի կարողանում տեսնել, թե ինչ հնարավորություն ունի Հայաստանը»,- ասաց Արմանը:
Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը