Երգչուհի Լուարա Հայրապետյանին հանդիսատեսը կհիշի «Մանկական Եվրատեսիլ 2009»-ից, որում արտիստիկ այս աղջիկն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

 

Լուարան արդեն 17 տարեկան է,  մոտ 3 տարի է՝ բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Այս տարիների ընթացքում հասցրել եմ ձայնագրել բազմաթիվ երգեր, որոնց մի մասի հեղինակը ես եմ, նկարահանել մի քանի տեսահոլովակ, որոնք կարող եք դիտել յութուբյան իմ էջում: Նաև նկարահանվել ֆիլմում, որը հաջորդ տարի կլինի ամերիկյան կինոդահլիճների էկրաններին»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց Լուարան:

 

 

“Gibby” կոչվող ամերիկյան ֆիլմում Լուարան մարմնավորում է երգչուհու, ով երգում է խնջույքի ժամանակ: «Ֆիլմում օգտագործել են իմ “Until we see the sun” երգը: Կազմակերպիչները փնտրում էին այնպիսի երգչուհու, ով նաև պարում է: Բազմաթիվ թեկնածուներից ինձ հավանեցին»,- ասաց երգչուհին և հավելեց, որ ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանում:

 

 

Լուարան չկարողացավ հստակ ասել՝ արդյոք շարունակական կլինեն իր քայլերը դերասանական ոլորտում:  «Ես երգչուհի եմ, թե հետագայում ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»:

 

Բացի նոր  երգեր ձայնագրելուց և հայտնի ստեղծագործությունների  «cover» տարբերակներ ներկայացնելուց Լուարան զբաղվում է նաև պարով, հաճախում է դաշնամուրի և դերասանի վարպետության դասերի:  «Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բայց ունեմ շատ լավ ընկերներ, որոնց ես շատ եմ սիրում և հնարավորության դեպքում հանդիպում եմ նրանց, ուրախ ժամանակ անցկացնում»,-նշեց երգչուհին:

 

 

Այս տարի Լուարան ավարտում է դպրոցը. աշխույժ փոքրիկն այսօր արդեն գրավիչ և գեղեցիկ աղջիկ է և, ինչպես ինքն է նշում, տղաների ուշադրության պակաս երբեք չի զգում: «Դա, իհարկե, հաճելի է, սակայն քչերին է դուր գալիս այն փաստը, որ իմ ծանրաբեռնվածության պատճառով քիչ ժամանակ եմ տրամադրում անձնականիս, այդ իսկ պատճառով սիրտս ազատ է:)»,- խոստովանեց երգչուհին:

 

 

 

 

 

 


Զրուցեց Տաթևիկ Մկրտչյանը