Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն օրերս է վերադարձել Հայաստան: Esem.am-ի հետ զրույցում Արմանն ամփոփել է ԱՄՆ-ում անցկացրած ամիսները: Թեև պարբերական բնույթ կրող տեղափոխությունները այնքան էլ լավ չեն ազդում երգչի վրա, ով փաստում է, որ մարդն իր հոգու հանգստությունը գտնում է իր շրջապատում, գործնական առումով դրանք բավականին արդյունավետ են եղել: Esem.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ դերասանը խաղացել է ամերիկյան մի քանի նախագծերումնա նաև նոր ֆոտոշարք է անցել, որից մի քանի լուսանկար է տրամադրել մեր լրատվամիջոցին:)

 

 

«Գործակալս վաղուց էր պնդում, որ գնայի ԱՄՆ, քանի որ այժմ շատ են նկարահանվում պատմական ֆիլմեր, ու իմ կերպարը կարող է օգտակար լինել, սակայն ինձ Հայաստանից պոկելը մի քիչ դժվար է: Քանի որ առաջիկայում պետք է «Կենտ զույգը» ներկայացումը խաղանք ԱՄՆ-ում, իսկ 6 երիտասարդի ԱՄՆ  տանելը բավականին բարդ էր՝ մեծ դժվարությունների միջով անցանք, այդ գործերով մեկնել էի ԱՄՆ: Դա համընկավ մի քանի փորձերի հետ: Հենց գնալուս օրը փորձ կար՝ հեքիաթային մի ֆիլմի համար, որը ես անցա: Այդտեղ փոքրիկ դերով եմ ներկայանում, սակայն այն շատ է դուր եկել ինձ»,- պատմեց դերասանը:

 

Մեկ այլ ֆիլմում Արմանը ներկայացել է սատանայի դերով: «Մասնակցեցի այս ֆիլմի «պիլոտի» նկարահանմանը, հետո որոշվեց, որ պետք է նկարահանվի 6 սերիա: Ես արդեն գնել էի տոմսերը դեպի Հայաստան և ասացի, որ չեմ կարող մնալ ԱՄՆ-ում: Ռեժիսորն ասաց, որ իմ փոխարեն այլ դերասանի այլևս չի պատկերացնում և կսպասեն, մինչև օգոստոսին վերադառնամ ու շարունակենք նկարահանումները,- նշեց նա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ում աշխատանքային հարաբերություններն այլ են,- որևէ մեկին չի հետաքրքրում, թե դու ով ես, կարևորը՝ դերդ լավ խաղաս»:

 

 

Օպերային երգիչը ԱՄՆ-ից պետք է վերադառնար, քանի որ այստեղ էլ անելիքներ ունի: Հայաստանում եղած կարճատև ժամանակահատվածում նա նոր տեսահոլովակ է նկարահանելու: «Սերը բավարար է» երգի երաժշտության հեղինակը  Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել են Մարիամ Շահինյանն ու Արման Նշանյանը, գործիքավորումն արել է Արման Բերբերյանը: Այս տեսահոլովակում նկարահանվելու է Արմանի հայրը՝ Ժան Նշանյանը: «Մարդիկ կան, որոնք ամեն բան անում են իրենց նպատակին հասնելու համար, սակայն երբեմն շեղվում են իրենց ճանապարհից և իրենց ցանկություններն իշխում են խղճին և ճշտին: Մենք ծառեր ենք կտրում, որ շենքեր կառուցենք, մարդկանց վրայով ենք քայլում, որ փող աշխատենք:

 

Պատերազմներ են լինում շահի համար… սյուժեն փիլիսոփայական է և համամարդկային խնդիր է առաջ տանում: Իմ կարծիքով՝ սա կարող է անգամ ՄԱԿ-ի շրջանակներում մի երգ լինել՝ Հայաստանի կողմից: Թե՛ բառերը, թե՛ երաժշտությունն այնքան լավն են, որ, եթե անգամ, ժողովուրդը որոշի, որ այս երգը կարող է այլ մարդ կատարել, պատրաստ եմ նվիրել այն, միայն թե լինի»,- ասաց Արմանն ու հավելեց, որ երգը նվիրվելու է Ցեղասպանության  100-ամյակին, սակայն շեշտվելու ոչ միայն Հայոց ցեղասպանությանը: «Սա կոչ է, որ որևէ տեսակի ցեղասպանություն չլինի, ոչ մարդկանց նկատմամբ, ոչ էլ, օրինակ, պինգվինների»,- ավելացրեց երգիչը:

 

 

Արմանը չգիտի՝ հաջորդ այցելությունն ԱՄՆ որքան կտևի: Անդրադառնալով գործի բերումով կրկին ԱՄՆ տեղափոխվելուն՝ երգիչը պատասխանեց. «Իմ տունը Հայաստանն է:  Չգիտեմ՝ գործի բորումով ուր կմեկնեմ և ինչքան ժամանակով, սակայն ես ինձ այստեղ եմ լավ զգում»:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը