Երգչուհի Լիլիթ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի, որի մանրամասները և լուսանկարները տրամադրել է BlogNews.am-ին: Երկարատև և բարդ աշխատանքներից հետո երգչուհու երգի պրեմիերան կկայանա մայիսի 28-ին: 


«Նոր աշխատանքս զինվորի մասին է։ Կարծում եմ՝ շատերը կհիշեն «Դե, տղերք, պինդ եղեք» երգս, որը մի տասը տարի առաջ էի ներկայացրել: Այդ երգի համար ես ունեցել եմ տեսահոլովակ, որը մի քիչ ավելի սիրողական մակարդակի է եղել: Այս թեմայի մեջ ես արդեն փորձ ունեի, գիտեի, որ այդ երգս շատ սիրված է: Միշտ ինձ մոտենում էին զինվորներ, ասում էին՝ այդ երգը իրենց ուժ է տվել, ավելի հեշտացրել իրենց ծառայությունը, և դրանից ոգևորված՝ ուզել են գնալ, սահմանին կանգնել: Այդ երգից էլ ոգեշնչված՝ միտք ունեի ևս մեկ երգ ունենալ՝ զինվորին նվիրված: Երբ «Քեզ հետ» երգիս ժամանակ աշխատում էի Ռիչարդ Մադլենյանի հետ, նա  ինձ այդ ժամանակ բավականին շատ երգեր էր ուղարկել, որոնց մեկը, որն առանց խոսքերի էր, կպել էր սրտիս: Երբ ավարտեցինք «Քեզ հետ» երգի աշխատանքները, կրկին հիշեցի լսածս երգի մասին, որն, անկախ ինձնից, հայրենիք, զինվոր, ուժ էր հիշեցնում, և այդ կերպարն անընդհատ գալիս էր աչքիս առաջ: Զանգեցի Ռիչարդին և երգը վերցրի, իսկ խոսքերը, բնականաբար, վստահեցի Ավետ Բարսեղյանին և, իհարկե, որոշեցի տեսահոլովակ նկարահանել»,- պատմում է Լիլիթը։

 

 

Երգչուհին նշում է, որ բավականին ծանր և բարդ աշխատանք է եղել, անգամ մի քանի անգամ հետաձգվել է նկարահանման օրը. «Մեծ դժվարությունների միջով ենք անցել. բնականաբար, զինվորներին տեսահոլովակում նկարահանելը, զորմասում նկարահանում անցկացնելը թղթաբանության հետ կապ ունեն: Այս աստիճանի դժվար երբեք ինձ համար չի եղել, երբ ցանկանամ տեսահոլովակ նկարահանել, և նման խնդիրներ լինեն»:

 

Ի դեպ՝ երգչուհու տեսահոլովակում նկարահանվել է 7-ամյա որդին՝ Կարենը, ով մայրիկի հետ փոքրիկ հատված է կատարելու: «Ցանկացած մայր, երբ որդի է ունենում, զինվորի կերպարը միշտ քո աչքի առաջ է լինում: Նա ապագա հայ զինվոր է, հայրենիքի պաշտպան է: Ես միշտ մտածել եմ, որ եթե զինվորների տեսահոլովակ նկարահանեմ, ես պետք է որդուս ինչ-որ կերպ ներգրավեմ: Քանի որ նա բավականին լավ է երգում, որոշեցի՝ մի փոքր հատված էլ նա կատարի, և այդպես ես նրան ներկայացնեմ, որ ապագա հայ զինվոր է»:

 

 

 

Իսկ այն հարցին՝ ինչպես ստացվեց որդու հետ համատեղ աշխատանքը, երգչուհին պատասխանեց. «Ես այնքան խառնված էի, որ շատ քիչ եմ կարողացել հետևել նրան: Միայն մի բանն եմ շատ լավ ֆիքսել. երբ որդիս այդ եղանակին զինվորական շորերով էր, ինչը բավակականին անհարմարավետ էր նրա համար, երեխաս ասաց. «Մամա, հոգնեցի արդեն, ոնցոր տասը տարի այս շորերը հագիս լինեն»։ Նկարահանման տարածքում գտնվող արդեն բավականին փորձառու զինվորականներն ասացին՝ է, Կարեն ջան, դա շատ հաճելի բան է, բա ես ի՞նչ ասեմ, 21 տարի է՝ կրում եմ այս համազգեստը»: 

 

    

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի