Կանադահայ ռեժիսոր և սցենարիստ Ատոմ Էգոյանի «Գերուհին» («The Captive») կինոնկարը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի օգոստոսի 21-ից: «Ego Film Arts»-ի և «The Film Farm»-ի համատեղ ջանքերով ստեղծված կինոնկարն արդեն իսկ ցուցադրվել է այս տարվա Կաննի 67-րդ կինոփառատոնին:
Ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը հրապարակվել էր երկու օր առաջ, Youtube կայքում դիտվել է արդեն 97 հազարից ավելի անգամ: Ֆիլմում խաղում են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ռայան Ռեյնոլդսը, Սքոթ Սփիդմենը, Ռոսարիո Դոուսոնը, Միրեյ Ինոսը և այլք: Կինոնկարի նկարահանումներն սկսվել են 2013-ի փետրվարին Օնտարիոյում:
Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Մեթյուի դստերն ութ տարի առաջ առևանգել են, սակայն միայն հիմա է նա գտնում աղջկա անհետացման հետ կապված փաստեր: Հանկարծ հույս է առաջանում, որ աղջիկը կարող է դեռ ողջ լինել: Մեթյուին աղջկան փնտրելու գործում օգնում է խուզարկու Նիկոլը: Ֆիլմն ունի նաև մեկ այլ՝ «Գիշերվա թագուհին» անվանումը: