Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կանադայում ՀՀ դեսպանությունն Օտտավայում մարտի 18-ին կազմակերպել է աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը:
Կանադայի գրադարան-արխիվի «Աուդիտորիում» սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Կանադայի կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ներկայությամբ երեկոն պատվել են ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը:
Երեկոն ողջույնի խոսքով բացել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և առաջիկայում նախատեսվելիք միջոցառումներին:
Ֆիլմի ավարտին խոսքով հանդես է եկել Կանադական ֆիլմարվեստի ինստիտուտի տնօրեն, հայտնի կինոքննադատ Թոմ ՄքՍորլին, ով խոսել է ֆիլմի մասին, ներկայացրել դրա կողմից փոխանցվող գաղափարը: Արսինե Խանջյանը անդրադարձել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հրամայականին, իսկ Ատոմ Էգոյանը' ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմությունը: Էգոյանն ու Խանջյանն այնուհետև պատասխանել են ներկաների հարցերին: