Թուրքիայում ցանկանում են ցուցադրել Ատոմ Էգոյանի նկարահանած «Արարատ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ֆիլմի ցուցադրության հարցը կրկին օրակարգում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի "The Cut" («Սպի») ֆիլմի` Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց հետո այն Թուրքիայում ևս ցուցադրելու հետ կապված քննարկումների ֆոնին:

 

«Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր թուրքական «Բելգե ֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը: Այն ժամանակ ֆիլմը Թուրքիայում չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ այն կարող է վտանգել կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը:

 

Սաբահաթթին Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլևս նախկինը չէ, և ցանկանում է թուրքական կինոթատրոններում ցուցադրել կանադահայ ռեժիսորի նկարահանած «Արարատ» ֆիլմը: Նա տեղեկացրել է, որ ֆիլմի ցուցադրման առաջարկներ է ստացել բազմաթիվ կինոթատրոններից: Այդուհանդերձ, Չեթինը չի պարզաբանել, թե Թուրքիայում երբ մեծ էկրան կբարձրանա «Արարատ» ֆիլմը:

 

Վենետիկի կինոփառատոնում "The Cut" («Սպի») ֆիլմի ցուցադրությունից առաջ Ֆաթիհ Աքընը հայնել էր, որ այն թուրք հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի հոկտեմբերին: